կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 12:22
Իրավական

Մերի Մարգարյանի և նրա երեխայի մահվան գործով ցուցմունք տվեցին «Շենգավիթ» ԲԿ-ի բուժքույրերը

Մերի Մարգարյանի և նրա երեխայի մահվան գործով ցուցմունք տվեցին «Շենգավիթ» ԲԿ-ի բուժքույրերը

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեցին «Շենգավիթ» ԲԿ-ի բուժքույրեր Արփինե Մուրադյանն ու Լիլիթ Գրիգորյանը: Մասնավորապես` Արփինե Մուրադյանը հայտնեց, որ մասնակցել է միայն Մերի Մարգարյանին պաթոլոգիայի բաժանմունքից ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխելու գործընթացին: Նրա խոսքով՝ հոսպիտալացվելուց հետո այդ հիվանդով զբաղվել է Շուշանիկ Բախշյանը:

Նախաքննության ընթացքում Մուրադյանը նշել է, որ ինքը հուլիսի 27-ի առավոտյան հերթապահությունն ընդունելուց հետո մտել է Մերի Մարգարյանի մոտ, հետաքրքրվել նրա առողջական վիճակով, մինչդեռ, տուժող կողմի պնդմամբ, Մուրադյանը Մերիի մոտ չի մտել:

Մանկաբարձ Լիլիթ Գրիգորյանն էլ իր ցուցմունքում հայտնեց, որ ինքը միայն տեղյակ է եղել, որ հիվանդանոց է ընդունվել Մերի Մարգարյանը՝ սուր-շնչառական հիվանդություն ախտորոշմամբ, և ենթարկվել հետազոտության: Նա հայտնեց, որ ինքը հիվանդին չի զննել, նրա հետ առնչություն չի ունեցել, քանի որ օրվա մեծ մասն անցկացնումէ  ծնարանում, և որ նրա ընդունման օրը եղել է ծնարանի պատասխանատուն:

Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի աթոռին են «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը: Շուշանիկ Բախշյանի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրված է գրավը, իսկ Անի Բաբելյանի հանդեպ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Շուշանիկ Բախշյանն, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը: