կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-15 16:34
Իրավական

Մերի Մարգարյանի ամուսինը կարևոր տվյալներ է հայտնել քննիչներին

Մերի Մարգարյանի ամուսինը կարևոր տվյալներ է հայտնել քննիչներին

26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չի հերքվել նախնական ախտորոշումը, համաձայն որի` Մերին մահացել է թոքաբորբից եւ բազմաօրգանային անբավարարությունից: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Մերի Մարգարյանի հոր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ փորձաքննության մեջ կան տվյալներ, որոնք նախաքննական գաղտնիք են: Բացի այդ՝ փաստաբանի խոսքով, մյուս կողմը դեռևս վկայի կարգավիճակ ունի, և, դատավարական առումով, իրավունք չունեն ծանոթանալու եզրակացությանը:

Նշենք, որ այսօր ստացվել են նաև Մերիի երեխայի մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

«Երեխայի մահվան մեկ պատճառ չի եղել, երեխան բավական լուրջ խնդիրներ է ունեցել: Մմենք գործ ունենք մի քանի օրգանների խնդիրների հետ»,- ասաց փաստաբանը:

Մարինե Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ այսօր ցուցմունք է տվել Մերի Մարգարյանի ամուսինը: Նա նախաքննության համար լրացուցիչ տեղեկություններ է հաղորդել, որոնք հետագայում էական նշանակություն կարող են ունենալ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 29-ին մահացել է հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը, իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում։ Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել են որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ: