կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 12:56
Հասարակություն

Հեռուստաընկերությունները դժվարություններ ունեն` գովազդ ներգրավելու հետ կապված

Հեռուստաընկերությունները դժվարություններ ունեն` գովազդ ներգրավելու հետ կապված

ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է ՀՌԱՀ 2015թ. գործունեությունը: Հիմնական զեկուցողը ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանն է:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հարց ուղղեց նրան՝ հղում անելով վարչապետի` անցյալ շաբաթ արված հայտարարությանը, որ պետք է պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ:

«Նայում եմ ցանկը` սա օլիգոպոլ մենաշնորհային սփռում է: Հասկանում եմ, որ հաճախությունները սահմանափակ են, բայց դուք կարգավորիչ մարմին եք և պետք է հետևեք խաղի կանոններին: Ուզում եմ իմանալ` հեռարձակման ոլորտում մուտքը-ելքը ազա՞տ է, թե՞ կան ճնշումներ: Հեռուստաընկերությունների շահութաբերությունը, տնտեսության վիճակի հետ կապված, նվազո՞ւմ է, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը:

Ժիրայր Դադասյանը նշեց, որ լիցենզիաների տրամադրումը տեղի է ունենում տասը տարին մեկ անգամ, և 2020թ. նոր տեղի կունենա մրցույթ լիցենզիա տրամադրելու համար: Լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները փորձում են գործել հնարավորինս մրցունակ:

Ինչ վերաբերում է հեռուստաընկերությունների շահութաբերությանը, ապա, Ժիրայր Դադասյանի խոսքով, բնականաբար, հեռուստաընկերությունն անմիջականորեն կապված է տնտեսության հետ, և տնտեսության մեջ փոփոխություններն անմիջականորեն անդրադառնում են նաև գովազդի վրա, գովազդի մուտքերը սկսում են նվազել, և հեռուստաընկերությունները որոշակի դժվարություններ են ունենում այդ առումով:

Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ ճնշումները կարող են լինել տասը տարին մեկ՝ լիցենզիա տրամադրելու ժամանակ, ինչին Դադասյանը հակադարձեց` ասելով, որ ճնշումների մասին խոսք լինել չի կարող, մանավանդ, որ կա մասնավոր մուլտիպլեքս, որը լայն հնարավորություններ է ստեղծում այլ հեռուստաընկերությունների համար` մասնակցել այդ մրցույթին, շահել և ազատ գործել: