Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 10-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է պատգամավորներ Վահագն Թևոոսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում փոփոխություններ կատարելուն։ Նախ օրենքի անվանումն է ամբողջությամբ փոխվել և այն ստացել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք անվանումը և ներկայացվել փաթեթի տեսքով՝ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի հետ մեկտեղ։
Օրենքի նախագիծը, ինչպես պնդում են նախագծի հեղինակները, միտված է եթերը մաքրելուն ու վարակազերծելուն՝ խաղի նոր կանոններ սահմանելով հեռարձակողների համար։ Այն շրջանառության մեջ էր դրվել դեռ ապրիլին, սակայն հանձնաժողովում կքննարկվի միայն վաղը։ Ըստ օրենսդրական նախաձեռնության, հեռարձակող լրատվամիջոցները պետք է ապահովեն հստակ տարբերություն փաստերի և կարծիքների միջև, հրապարակեն հավաստի, ստուգված ու բազմակողմանի կարծիքներ։ ազգային, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հաղորդումների ժամանակ փոքրամասնությունների ներկայացուցիչները տեսակետ հայտնելու հնարավորություն պետք է ունենան։
Էրոտիկ, սարսափ ու բռնություն պարունակող ֆիլմեր, անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն թողնող հաղորդումները հնարավոր կլինի հեռարձակել կեսգիշերից մինչև առավոտյան 6-ը։ Հակառակ դեպքում պատասխանատվություն է նախատեսված։ Արգելվում է ազգային, ռասայական և կրոնական թշնամանք սերմանելու նպատակով օգտագործելը, պատերազմի քարոզը, իշխանությունը յուրացնելու, Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ կամ օրենքներով չնախատեսված այլ եղանակով փոխելու և տապալելու քարոզչությունը։ Լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների շաբաթական եթերի 20 տոկոսը մանկական, կրթական և մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումներ պետք է լինեն։
Այս նախագծի և դրա հետևանքների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ:
«Կա գլոբալ այլ հարց. հունվար ամսին հեռուստաընկերությունները պետք է մասնակցեն նոր մրցույթին, որովհետեւ ժամկետն արդեն լրանում է, եւ հունիս ամիսն ենք, դեռ հանձնաժողովում նոր քննարկում են, դեռ լայն քննարկում չի ծավալվել: Հանրային քննարկում չի եղել եւ այս պայմաններում անհայտ է, թե երբ է օրենքը ընդունվելու, երբ է խաղի կաննոները սահմանվելու: Քանի որ խաղի կանոններից է կախված նաեւ, թե հեռուստաընկերություններից շատերը պատասխանատվությունը կվերցնե՞ն իրենց վրա՝ նոր մրցույթի մասնակցելու, թե՞ ոչ», - նշել է նա:
Նրա խոսքով, անցնող երկու տարիների ընթաքում մի քանի փորձեր եղել են հեռուստատեսային դաշտում վերափոխումներ կատարելու:
«Խոսքը օրենսդրական վերափոխումների մասին է: Եվ բոլորը եղել են առանձին փոքր դրվագներով: Եվ դրանց շուրջ էր, որ մեծ բանավեճ էր ծավալվում, որ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը համակարգային օրենք է: Անհնար է` 1-2 դրվագ փոփոխելով հասնել արդյունավետ որոշման: Ազգային ժողովում եղավ այդ հարցով լսումներ, որովհետեւ տեսակետները խիստ հակասական էին, եւ լրատվության դաշտից հասարակական կազմակերպություններից շատերը նաեւ մեծ դժգոհություն էին արտահայտում Ազգային ժողովի եւ հանձնաժողովի գործելաոճից: Ի վերջո, սա այն օրենքի նախագծերից մեկն է, որը դժվար է պատկերացնել, որ 3 պատգամավոր սեփական նախաձեռնությամբ հանդես գա, որովհետեւ սա առնչվում է Հայաստանում հեռահաղորդակցության կարեւորագույն մի ոլորտի: Սա առնչվում է Հայաստանում լրատվությանը, հեռուստատեսային, համացանցային լրատվություններին, ռադիոլրատվությանը: Այս առումով, սա պետք է շատ ավելի գլոբալ մշակված փաստաթուղթ ներկայացվեր», – նկատել է նա:
Օրաթերթը նաև հետաքրքրվել է՝ արդյոք հնարավոր է առաջիկայում այս նոր օրենքի նախագծի պահանջների հիման վրա լինեն հեռուստաընկերություններ, որոնք կփակվեն կամ իրենց գործունեությունը կկանգնի վտանգի առաջ: «Շատ դժվար է ասել, որովհետեւ այստեղ բազմաթիվ խութեր կան: Հայաստանում, հատկապես նման տնտեսական պայմաններում տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում պետք է անեն, որպեսզի մասնավոր մուլտիպլեքս փաթեթ ունենան և այդ առումով շատ անորոշ է», -նկատել է նա: