կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 13:08
Հասարակություն

Ազատ դառնալն իր հետ բերում է պատասխանատվություն և ֆինանսական դժվարություններ. ՀՌԱՀ նախագահ

Ազատ դառնալն իր հետ բերում է պատասխանատվություն և ֆինանսական դժվարություններ. ՀՌԱՀ նախագահ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե որոնք են Հայաստանի Հանրապետությանը բնորոշ հիմնական եթերային խնդիրները, և թե ինչ լուծումներ են պահանջվում դրանցից վերջնականորեն ձերբազատվելու համար:

ՀՌԱՀ նախագահը պարզաբանեց, որ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սահմանադրական մարմին է` ՀՀ Սահմանադրության 196-րդ հոդվածով կարգավորում է կառույցի գործունեությունը, անդամների նշանակման կարգը, ապահովում է գործունեության անկախությունը և այլն:  Կա նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որում մանրակրկիտ գրված են կառույցի գործառույթները, իրավունքներն ու պարտավորությունները:

Ըստ Հակոբյանի` Հայաստանում այս պահին գործում է 128 հեռուստառադիոընկերություն, որոնցից 120-ը` լիզենզավորված:  Համապատասխանաբար`102-ը հեռուստաընկերություններ են, 18-ը`ռադիոընկերություններ, որոնցից 35-ը` եթերային, 67-ը`կաբելային, 23-ը`թվային, իսկ 12-ը`անալոգային: Ընդհանուր առմամբ, հեռուստաընկերություններից 6-ն ունի հանրապետական ծածկույթ,  իսկ 9-ը` մայրաքաղաքային:

Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ  կան 3 հիմնական խնդիրներ,  որոնք ծառացած են ոչ միայն հեռուստաընկերությունների, այլև հասարակության առջև: «Առաջինը` հայերենով հայրենական արտադրանքի խնդիրն է, երկրորդը`հանրօգուտ կոնտենտն է, որը շատ ժամանակ եթերում չենք տեսնում, և երրորդը` մարզային հեռուստաընկերություններին վերաբերող խնդիրները»,- նշեց նա, ապապ հավելեց, որ, ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի, ՀՀ հեռարձակողների եթերում պետք է պահպանվի հայրենական արտադրանքի առնվազն 55% մասնաբաժինը: Դրա մեջ կարող է ներառվել  ցանկացած հաղորդում, ֆիլմ, այլ կերպ ասած`ցանկացած ֆորմատ, պրոդուկտ, որը կա'մ այստեղ է արտադրվել, կա'մ  թարգմանվել է հայերեն, այսինքն` ցանկացած ամերիկյան ֆիլմ, որը թարգմանված է հայերեն, համարվում է հայրենական արտադրանք:

Հակոբյանը վստահեցրեց, որ հայրենական արտադրանքի 55%  մասնաբաժինը շատ քիչ է, քանի որ անգամ Կենտրոնական Ասիայի երկրներում, օրինակ` Ղազախստանում, Ղրղզստանում, որտեղ բավականին մեծ թվով ռուսալեզու բնակչություն կա,  հայրենական արտադրանքի ծավալը  70-80% է կազմում: «Նրանք մտածում են իրենց ազգային «ես»-ի, սեփական մշակութային արժեքների պահպանման մասին: Մեզ մոտ դա չի պահպանվում: Եթե հեռուստաընկերությունը խոշոր է, ապա պահպանվում է, հակառակ դեպքում`ոչ: Մարզային հեռուստաընկերություններում ողբալի վիճակ է»,- հավելեց նա:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խնդիրների լուծման մի քանի տարբերակ է առաջարկում: Լուծման առաջին տարբերակը Հայաստանի ամբողջ տարածքում հայոց լեզվով հաղորդումների շտեմարանների ստեղծումն է: «Կան հայերեն թարգմանված ֆիլմեր, համերգներ, որոնք փոշոտվում են հեռուստաընկերությունների արխիվներում: Պետք է այնպես անել, որ այդ կոնտենտը հասանելի լինի բոլորին, ու մարզային հեռուստաընկերությունները հնարավորություն ունենան դրանք ցուցադրելու»,- նշեց Հակոբյանը:

Լուծման երկրորդ տարբերակը բազային կրկնօրինակման ստուդիայի ստեղծումն է: Հակոբյանի խոսքով` պիտի պետական աջակցություն ցուցաբերվի»: «Թատրոններում աշխատող դերասաններին կարող ենք հրավիրել ֆիլմեր, հատկապես` մուլտֆիլմներ կրկնօրինակելու: Այս դեպքում նաև ինքնարժեքը կիջնի»,- նշեց նա:

ՀՌԱՀ նախագահը նաև անդրադարձավ մարզային հեռուստաընկերություններին`շեշտելով, որ դրանք «սոսկալի, տագնապալի վիճակում են»: Նա պարզաբանեց, որ մարզային հեռուստաընկերությունները ստեղծված են հատուկ տվյալ մարզի բնակչությանը հետաքրքրող խնդիրները հեռարձակելու համար: «Բայց ի՞նչ ենք տեսնում: Այս հեռուստաընկերություններից շատերը չունեն տեղական կոնտենտի հնարավորություն և ֆինանսական վատ վիճակի պատճառով որոշ ժամանակ անց փակվում են: Այս պահին Արագածոտնի մարզային հեռուստաընկերությունը վերադարձրել է լիցենզիան, Վայոց ձորն ընդհանրապես չունի հեռուստաընկերություն, իսկ Տավուշում չի գործում տեղական հեռուստաընկերությունը, «Իջևան» ՀԸ-ի տնօրենն ամուսնացել ու Կիպրոս է մեկնել, ու նրանք այդ մասին նոր են իմացել»,- վիճակը ներկայացրեց Հակոբյանը:

Նրա կարծիքով` հեռուստաընկերությունը միայն սեփական բիզնես չէ, այն մեծ տեղեկատվական ու սոցիալակական դեր ունեցող կառույց է: «Խնդիրը միայն իրավիճակի փոխվելը չէ, ազատ դառնալը նաև իր հետ բերում է պատասխանատվություն և ֆինանսական դժվարություններ»,-եզրափակեց ՀՌԱՀ նախագահը: