կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 13:43
Քաղաքական

Տարկետման իրավունքը վերացնելը կկրճատի կոռուպցիոն ռիսկերը

Տարկետման իրավունքը վերացնելը կկրճատի կոռուպցիոն ռիսկերը

Երկու տարի առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանի ու Ռուբեն Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը` ուսումը շարունակելու համար պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման իրավունքը հանելը, արդիական է դառնում այսօր: Անցյալ քառօրյայում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ կառավարությունը դիտարկում է այդ օրենքի նախագիծը խորհրդարան ներկայացնելու հարցը:

Մասնավորապես` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջիկա մեկ ամսում խորհրդարան կներկայացվի օրենքի նախագիծ, որի համաձայն` 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները (բացառությամբ խիստ որոշակի դեպքերի) պարտավոր կլինեն ծառայել բանակում:

Թևան Պողոսյանն ասօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ շատ կարևոր է նախ այն, որ այս օրենսդրական նախաձեռնությունը երևան եկավ երկու տարի առաջ և կապված չէ ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:

Պատգամավորի խոսքով` եթե ցանկանում ենք օրինական երկիր ձևավորել, պետք է հարգանք լինի օրենքի հանդեպ: «Եթե օրենքով հնարավոր է տարկետում ձևակերպել և ազատվել բանակից, պետք չէ դատափետել»,- ասաց Պողոսյանը և հավելեց, որ համակարգային մոտեցում է հարկավոր ամեն ինչին, քանի որ այս դեպքում էլ սոցիալական անարդարության խնդիրների ենք բախվում:

Պողոսյանի խոսքով` տարկետման ձևակերպման օրինակները հետևյալն են. «Մարդը գնում է երկրից և խուսափում ծառայությունից, երկորդ խնդիրը` առողջականն է, երբ ստուգման արդյունքում պարզ է լինում, որ մարդն ունի առողջական խնդիրներ և ազատվում է կամ տարկետման իրավունք է ձեռք բերում: Մի քանի փորձ ենք ունեցել, երբ բժիշկներ են ձերբակալվել և քրեական գործ է հարուցվել: Երրորդ խողովակը` կրթական համակարգն է, որ պետք է սոցիալական արդարություն հիմքի վրա լինի»:

Պատգամավորն ընդգծեց նաև, որ օրենքի նախագիծը կարող է վերացնել կոռուպցիոն ռիսկերը, որի մասին բոլորը խոսում են, և վերջապես` կվերականգնվի սոցիալական արդարության զգացումը, որ հետո չասեն, որ հարուստ ընտանիքի կամ պաշտոնյայի երեխաները կարողացել են ընդունվել բուհ ու տարկետում ապահովել զինծառայությունից, իսկ մնացածները չեն կարողացել:

«Կոռուպցիոն ռիսկերը քչանում են: 17 ոլորտի վրա ուժերի ջլատման փոխարեն մի ոլորտի վրա է կենտրոնանում խնդիրը: Մենք պետք է մոռանանք բարեկամի, ծանոթի երեխա հասկացություններն այս ոլորտում: Այստեղ պետք է կենտրոնանալ մեկ ոլորտի վրա և վերահսկողություն սահմանել: Օրինակ`եթե վիճակահանության վրա կենտրոնանանք, մեկ խնդիր կլինի, և վերահսկողությունը մեկ ոլորտի վրա լինի»,- ասաց Պողոսյանը: