կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 12:29
Քաղաքական

Զինվորները միմյանց հետ բջջային հեռախոսներով են կապվում. Բագրատյանն ԱԺ-ում նուրբ հարցեր բարձրացրեց

Զինվորները միմյանց հետ բջջային հեռախոսներով են կապվում. Բագրատյանն ԱԺ-ում նուրբ հարցեր բարձրացրեց

Այսօր ԱԺ հերթական քառօրյան է մեկնարկել: Նիստը վարում են ԱԺ նախագահի տեղակալները՝ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը:

Վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով ապրիլյան պատերազմի խնդիրների ու թերությունների մասին:

«Լավատեղյակ լինելով, թե ինչ է տեղի ունեցել ապրիլի սկզբին սահմանին, կան լուրջ հարցեր, որոնք պետք է քննարկվեն: Մենք անընդհատ բողոքում ենք, որ մեր զենքը հին է, իսկ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանին: Դա, իհարկե, դատապարտելի է, բայց եկեք ճիշտը հասկանանք` այդ զենքերից չենք տվել զոհեր: Չկա այդպիսի ստրատեգիական զենք, որից մենք զոհեր ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը երեկոյան ութից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք: Մենք զոհ ենք տվել, որովհետև հասարակ կապի միջոցը չկա, և մենք լուրջ խնդիրներ ունենք պաշտպանության ոլորտի ղեկավարման հետ: Չե՞ք կարծում, որ պետք է քննարկենք այդ հարցերը, որ պետք է հրավիրենք գլխավոր շտաբի պետին, որ տեսնենք` ի՞նչ է կատարվում բանակում: Երբ մարդկանց տակ են դրվում տասնյակներով շքեղ ջիփեր, բայց զինվորները միմյանց հետ կապվում են սովորական հեռախոսներով, որը տեղիք է տալիս լրացուցիչ զոհերի: Սա շատ լուրջ թեմա է, և ես առաջարկում եմ հրատապ կարգով այս հարցը մտցնել և քննարկել: Հրավիրենք այստեղ պաշտպանության նախարարին, հասկանանք, թե եղած գումարներն ինչ արդյունավետությամբ են օգտագործվում»,- առաջարկեց պատգամավորը:

Պատասխանելով հարցին` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նման նուրբ հարցերն այսպես չեն քննարկվում: Նրա խոսքով` այդ թեմայով փակ քննարկում արդեն կազմակերպվել է, որին ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղակալը և պատասխանել շուրջ 6` առավել խիստ հարցերի: «Չկան հարցեր, որոնց պատրաստ չէ պատասխանել պաշտպանության նախարարը, պարզապես պետք է նպատակահարմարության մասին խոսենք: Չեմ կարծում, որ այսպես հրապարակային հարցեր տալն արդյունավետ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: