կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 16:26
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի եղբոր ընկերության հարցը բարձրացրեց ԱԺ-ում

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի եղբոր ընկերության հարցը բարձրացրեց ԱԺ-ում

ԱԺ-ում բյուջեի ներկայացման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, ասաց, որ մամուլի տեղեկությունների համաձայն, «Սեկյուրիթի դրիմ» ընկերությունը, որը զբաղված է տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրելով, պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը եւ կես տարվա մեջ ապահովել է 4,2 միլիարդ դրամի հասույթ:

 

«Այդ հասույթը չի մտնում պետական բյուջե: Չե՞ք գտնում, որ դա անթույլատրելի է, մանավանդ, որ կառավարության որոշածից 11 միլիարդ դրամ պակաս է հավաքվելու բյուջե»,- նշեց պատգամավորը:

 

Ֆինանսների նախարարը կարծիք հայտնեց, որ մամուլում շատ բան կարող են գրել, որոնց մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրա` իրականությանը չեն համապատասխանում նաև Նիկոլ Փաշինյանի տեղեկությունները «Սեկյուրիթի դրիմ»-ի մասին, և այդ ամենը դեղին մամուլի սպառման նյութ է:

 

Փաշինյանի մյուս հարցը վերաբերում էր բյուջեի ռիսկերի բաժնին, որտեղ ռիսկերի թվում նշված է քաղաքական անբարենպաստ փոփոխության գործոնը: Պատգամավորը հետաքրքրվեց. «Այդ ինչ փոփոխություն պետք է արվի, որը ռիսկային կարող է լինել բյուջեի համար»: Նախարարը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչ քաղաքական անբարենպաստ փոփոխություն կարող է լինել, ինչին Փաշինյանն այսպես արձագանքեց. «Էս չեք կարող ասել, էն չեք կարող ասել»: