Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի մասին զեկուցեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա նախ նշեց, որ Հայաստանում հասարակական տրանսպորտը եկամտաբեր չէ, ինչին հակադարձեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` ասելով, որ ԱՄՆ-ում համայնքները դոտացիա են տրամադրում, և, օրինակ, ուսանողներն անվճար են երթևեկում:
Արմեն Եղիազարյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հասարակական տրանսպորտի, մասնավորապես` ավտոբուսային փոխադրումների ոլորտում մտցնել օպերատոր հասկացությունը, համաձայն որի` մասնավոր ընկերությունները փոխարինվում են մունիցիպալ մեկ կազմակերպությամբ, իսկ ուղևորափոխադրման գները սահմանում է Երևանի ավագանին: Այդ մոդելի համաձայն` միկրոավտոբուսները դուրս են մնալու փոխադրումներից: Խաչատուր Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ այդ նոր մոդելը կխեղդի մասնավոր սեկտորին, և դա լավ գաղափար չէ:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը միայն Երևան չէ, և անհրաժեշտ է տրանսպորտի ոլորտը հանձնել մարզերի համայնքների կառավարությանը: «Համայնքին տվեք, թող համայնքի ղեկավարը բերի օպերատոր, սահմանի թե' օպերատորի, թե' վարորդների աշխատավարձերը, ազատ թողեք դաշտը և կիրառեք դա մարզերի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ, մարզերին հանձնելով, ոլորտն ավելի մեծ արդյունավետությամբ կբարեփոխվի:
Հրանտ Բագրատյանը առաջարկեց տրանսպորտային տոմսերի վաճառքի այնպիսի մեխանիզմ ներդնել, որ վարորդը հնարավորություն չունենա բարձրացնել տոմսի գինը: «Հազիվ ԱԺ-ում բախվել ենք ինտելեկտի հետ, եկեք օգտագործենք այդ ինտելեկտը, որ ճիշտ օրենք մշակվի»,- ասաց նա:
Վարդան Այվազյանը շտկող հարց ուղղեց. «Ինտելեկտ ասելով` մեր հանձնաժողովի՞ն նկատի ունեք»: «Այո»,- պատասխանեց Հրանտ Բագրատյանը:
Մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը գոհունակությամբ նշեց, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ինտելեկտուալ է, որտեղ հարցերը քննարկվում են, ոչ թե ձև են անում, որ քննարկում են: