կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 17:15
Քաղաքական

Երևանի կենտրոնի հրաձգությունը կապվում է ՔՊ պատգամավորի թեկնածու, հայտնի գործարարի ընտանիքի հետ. տուժել է նաև ԱՄՆ քաղաքացի

Երևանի կենտրոնի հրաձգությունը կապվում է ՔՊ պատգամավորի թեկնածու, հայտնի գործարարի ընտանիքի հետ. տուժել է նաև ԱՄՆ քաղաքացի

Երեկ Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, միայն մեկ քաղաքացու մասին է նշված՝ 1979 թ․ ծնված ԱՄՆ քաղաքացու, որը «Արմենիա» բժշկական կենտրոն է դիմել ոտքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Ոստիկանությունից տեղեկություն են ստացել, որ ևս մի քաղաքացի էլ՝ արդեն դանակահարված դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն և ասել, որ վնասվածքը ստացել է դարձյալ Ամիրյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ 

Ու թեև Քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ նշել է, թե «անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել», սակայն արդեն անուններ են շրջանառվում, թե ովքեր են եղել այդ «անհայտ անձինք»։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանության մասնակիցներից մեկն ու ԱՄՆ քաղաքացու ոտքին կրակողը եղել է «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Սուքիասյան եղբայրներից կրտսերը՝ Ռոբերտ Սուքիասյանը, որը ՔՊ-ի ցուցակով խորհրդարան անցած խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։ Ասացին՝ կրակոցից հետո Ռոբերտ Սուքիասյանն արագ հեռացել է դեպքի վայրից, նա եղել է վրացական պետհամարանիշով թանկարժեք սպորտային մեքենայով, որը, որոշների կարժիքով՝ Ferrari է եղել, իսկ «Հրապարակ» տեղեկությամբ՝ McLaren MP 4-12 C, որից օրերս հանդիպել ենք մայրաքաղաքի փողոցներում, այլ նմանատիպ մեքենա վրացական պետհամարանիշով քաղաքում ունեցող չկա, կարծես թե։ 

Սուքիասյանի հեռանալուց հետո նրա թիկնապահները, ըստ շրջանառվող տեղեկությունների, ոտքից հրազենային վնասվածք ստացած ԱՄՆ քաղաքացուն նստեցրել են իրենց մեքենան ու տարել հիվանդանոց։ Դեպքի վայրում կայանած է եղել Սուքիասյանների ընտանիքն ու նրանց մերձավորներին պատկանող 01 LN 015 պետհամարանիշով Mazda 6 մակնիշի ավտոմեքենա, որը, հավանաբար, թիկնապահներից մեկի մեքենան է եղել։ 

Ի դեպ, տարածքի սրճարաններից մեկի մատուցողը հեռախոսով նկարահանել է միջադեպը, և նրան տարել են հարցաքննության։ Համացանցում լուրեր են տարածվում, որ տեսանյութը ջնջել են տվել։

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը նշել է, որ իրենք անուններ չեն հրապարակում։ Այդուհանդերձ, Սուքիասյանները որևէ առնչություն ունե՞ն այս միջադեպի հետ։

«Չգիտեմ, էդ ինֆորմացիան չունեմ ես»,-եղավ պատասխանը։

«Հրապարակ օրաթերթը» փորձել է մեկնաբանություն ստանալ նաև «Սիլ կոնցեռնի» մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանից, սակայն զանգերին նա չի պատասխանել։

Ըստ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք; Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Հիշեցնենք՝ այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 01:00-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ա. Ապիյանն է, ով նշված վիճաբանության ժամանակ դանակահարվել է: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նրա մոտ հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակ, այնուհետև, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանները պարզել են, որ նրան այդ վիճաբանության ժամանակ դանակահարել է 35-ամյա Նարեկ Կարապետյանը: