կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-21 14:16
Սպորտ

Թուրքիայում լարվածությունն անչափ մեծ էր. Կարեն Աղամալյան

Թուրքիայում լարվածությունն անչափ մեծ էր. Կարեն Աղամալյան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Թուրքիայում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարի մասին, որում հայ բռնցքամարտիկները նվաճեցին օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

«Լարվածությունն անչափ մեծ էր եւ համեմատելու չէր այլ մրցաշարերի հետ,  քանի որ ուղեգիր նվաճելու մեր վերջին հնարավորությունն էր: Վարկանիշային վերջին մրցաշարը կայանալու է Բաքվում: Գնալուց առաջ տղաներին ասել էի, որ սա էլ մեր պատերազմն է, որը հաղթեցինք ու նվիրեցինք այս օրերին Արցախում զոհված տղաների հիշատակին: Մեծ աշխատանք էինք տարել, եւ ես տեսնում էի, որ տղաները պատրաստ են լավ հանդես գալ: Եթե մրցաշարը Թուրքիայում չլիներ, հնարավոր է նման արդյունքներ չլինեին: Հովհաննես Բաչկովը վերջին մենամարտը լավ անցկացրեց, սակայն ռինգի մրցավարը, ում ես լավ ճանաչում էի եւ լավ հարաբերությունների մեջ էի, առանց որեւէ պատճառի հաղթանակը շնորհեց հակառակորդին, ինչից հասկացա, որ սա նախապես ծրագրված էր»,- ասաց  Աղամալյանը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը  և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը,  56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: