Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ պաշտոնապես հաստատեց մամուլում հնչած այն ահազանգը, թե վերջին օրերին ադրբեջանական կողմից զինուժի և զինտեխնիկայի լուրջ կուտակումներ են նկատվում հայ-ադրբերանական սահմանագծի ողջ երկայնքով: «Խոսքը չի վերաբերում ծանր զինատեսակներին և զրահամեքենաներին: Այն կողմից նկատելի են ադրբեջանական հատուկ ջոկատայինների խմբավորումների կուտակումներ: Բացի դրանից` ապրիլի 2-ին կտրուկ հաճախակիացել են հայկական դիրքերի գնդակոծումները: Հայկական կողմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել հակառակորդի քայլերը չեզոքացնելու ուղղությամբ»,- ասել էր Հովհաննիսյանը:
Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մասազիր գյուղում փախստականների համար կառուցված նոր ավանի բացման արարողության ժամանակ, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ասել է. «Մենք ավելի մեծ համառությամբ ու կամքով շարունակելու ենք մեր քաղաքական և դիվանագիտական ջանքերը: Ավելի ենք ակտվիացնելու մեր գործունեությունը միջազգային կառույցներում: ...Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի պահենք Հայաստանին ներկայիս տնտեսական և տարածաշրջանային մեկուսացման մեջ: Համոզված եմ, որ այդ համակարգված միջոցառումների և մեր երկրի աճող հզորության շնորհիվ մոտ ապագայում կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»: Ալիևի` այս հայտարարություններից բացարձակապես չի զգացվում, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմական գործողությունների վերսկսման: Նա, ըստ էության, խոսում է քաղաքական ու դիվանագիտական ջանքերի շարունակման մասին, ինչը նշանակում է, որ գոնե հրապարակային մակարդակում լայնածավալ ռազմական գործողությունների դիմելն այս պահին օրակարգային չի համարվում:
Գուցե այդ հայտարարությունը հնարավոր լիներ որակել իբրև ուշադրության շեղում, եթե առկա չլիներ ևս երկու գործոն, որոնք գրեթե բացառում են մոտ ապագայում նման լուրջ զարգացումները: Նախ` այս աշնանը Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ և դժվար է պատկերացնել, որ առանց այն էլ լուրջ ներքաղաքական ցնցումների մեջ գտնվելու պարագայում Ալիևը կարող է իրեն անկանխատեսելի հետևանքներով հղի որևէ արկածախնդրություն թույլ տալ: Ներկա պահին, իր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասսայական ոտնահարման հետ կապված, Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունի գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ: Այդ պայմաններում ռազմական գործողությունների դիմելը Ալիևին էլ ավելի ծանր դրության մեջ է դնելու: Բացի դրանից` այս օրերին Ադրբեջանում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերն ու անելիքները: Այսօր նրանք հանդիպումներ են ունեցել Ալիևի հետ, որից հետո, անցկացնելով հերթական պլանային դիտարկումը, շփման գծում հատելու են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագիծը և ժամանելու են Ստեփանակերտ: Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը խաղաղությանն ուղղված բանակցություններին զուգահեռ, ի հեճուկս ՄԽ համանախագահների, կարող է այդքան բացահայտ ցուցադրել պատերազմի նախապատրաստությունները: Այսինքն` սահմանին նկատվող շարժերը լուրջ զարգացումների մասին չեն կարող վկայել:
Ուշագրավ է, որ կուտակումների մասին ՊՆ մամուլի քարտուղարի պարզաբանումները նկատելիորեն վերացական են ու չփաստարկված: Դժվար է ասել` մարդկանց ինչպիսի մասշտաբի տեղաշարժերը կարելի է զինուժի անհանգստացնող չափերի կուտակումներ որակել, և պարզ չէ, թե սահմանի հատկապես որ հատվածներում են նկատվել նման դրսևորումները: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` խոսքը վերաբերում է ընդամենը ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների կասկածելի տեղաշարժերին: Դա նշանակում է, որ վտանգն առավելաբար կապված է հնարավոր դիվերսիոն գործողությունների վերսկսման հետ, որոնց ուղղությամբ հակառակորդի ակտիվությունը դադարել էր անցած տարեվերջին Տավուշում իրականացված մի քանի նմանատիպ գործողություններից և հայկական կողմից` դրանց ադեկվատ պատասխանելուց հետո: Չի կարելի բացառել, որ սահմանում նման կուտակումների ցուցադրությամբ Բաքուն պարզապես փորձում է հերթական անգամ իր չբավարարված լինելը հայտնել ՄԽ համանախագահների` իր կարծիքով փաստացի անգործությունից և բանակցային պրոցեսում տեղաշարժի բացակայությունից, ինչը ծանոթ ձեռագիր է:
Մյուս կողմից` Հայաստանում ապրիլի 9-ին սպասվում է Սերժ Սարգսյանի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը, որն, ամենայն հավանականությամբ, ուղեկցվելու է ներքաղաքական ու հակակառավարական լուրջ ակցիաներով: Չի կարելի բացառել, որ Բաքուն պարզապես փորձելու է օգտվել այդ օրերին Հայաստանում սպասվող անկայուն քաղաքական իրավիճակից` մի քանի դիվերսիոն և հետախուզական գործողություններ իրականացնելու համար, որը, կարծես, դառնում է այդ երկրի բանակի հստակ ձեռագիրը:
Սակայն ադրբեջանական կողմում նկատվող այս երևույթները բնույթով այնպիսին չեն, որ հանրությանը հատուկ իրազեկելու և դրանով խուճապ հարուցելու անհրաժեշտություն առաջացնեին: ՊՆ-ն նաև ամեն շաբաթ հրապարակում է հակառակորդի կողմից արձակված կրակոցների թիվը, որոնք վերջին շրջանում շատ ավելի քիչ են, քան եղել են ամիսներ, շաբաթներ առաջ: Ավելի վաղ սահմանագծին արձանագրվել են շատ ավելի լուրջ միջադեպեր, կուտակումներ, որոնց մասին ՊՆ-ն մինչ այս երբեք հարկ չի համարել բարձրաձայնել: Թվում է` ավելի շատ գործ ունենք հայկական կողմից իրողությունների չափազանցման հետ: Պարզապես այս կերպ փորձ է արվում քարոզչական դիվիդենդներ բերել իշխանություններին, որը պատրաստվում է դիմակայել լուրջ ներքաղաքական անկայունության: Փաստացի միակ գործոնը, որը կարող է քաղաքական ընդդիմությանը զերծ պահել իրավիճակը սրելուց ու Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային ընդառաջ կտրուկ գործողությունների դիմելուց, սահմանում լարվածության մեծացումն է, պատերազմի վերսկսման վտանգի պատրանքի ստեղծումը: Եվ դա, ըստ էության, փորձ է արվում խաղարկել ապրիլի 9-ին Ազատության կամ Հանրապետության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի «ինաուգուրացիայի» և դրա հնարավոր հետևանքների դեմն առնելու շրջանակներում: Սա, իհարկե, այլ կերպ, քան մանիպուլյացիա, չի կարելի անվանել: Բայց այս մեթոդն այնքան է գործադրվել, որ վաղուց արդեն անպետքության աստիճանի մաշվել է:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ