կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-19 17:01
Հասարակություն

Մենակ կարոտն է մեզ խանգարում, մնացածը նորմալ է. 1 օր` Արցախի զորամասերից մեկում

Մենակ կարոտն է մեզ խանգարում, մնացածը նորմալ է. 1 օր` Արցախի զորամասերից մեկում

Ստեփանակերտի զորամասերից մեկում ենք: Զինվորներին տեղեկացրել են, որ հյուրեր են ունենալու, տղաներն էլ պատրաստվել՝ սպասում են: Մոտենում եմ զինվորներից մեկին, բարևում ու նստում կողքը: Ձեռքը տանում է քունքին՝ պատիվ առնում ու, զինվորական կարգի համաձայն, ասում. «Շարքային Արման Հարությունյան»: Ես էլ նույնն եմ անում` ներկայանալով. «Շարքային Կարինե Հարությունյան»:

Զինվորս ժպտում է ու ասում. «Չեղավ: Դու կարող ես լինել` ուսանող, աշխատող, մայր, տնային տնտեսուհի կամ էլ ինչ կուզես, բայց ոչ՝ զինվոր: Բա ես ինչի՞ համար եմ այստեղ, Կարինե՛: Կարինե՛… Մամայիս անունն էլ է Կարինե, բայց քեզ նման չի, ինքն ավելի խոշոր կազմվածք ունի, բայց շատ սիրուն է: 24 օր առաջ եմ տեսել մերոնց, մոտս էին եկել, մաման մի քիչ հիվանդ էր, ասում էր` կարոտից է: Կարոտից հիվանդանո՞ւմ են… Մաման ասում է` նիհարել եմ, ասում է` երևի բանակում ճաշերն իմ եփածի համը չունեն, դրանից է: Բոլորի մամաներն էլ նույնն են: Որ եկել էր մոտս, լացում էր /ժպտում է/, ուզում էի ասել, թե` մա՛մ, ամոթ է, համ էլ` ինչի՞ ես լացում: Էն էլ տեսնեմ` բոլորի մայրերն էլ լացում են. մամաների սիրտն ուրիշ է»:

Արմանը Երևանից է, նորակոչիկ է: Ասում է` առաջին օրը, երբ բանակում քնից արթնացավ, ինքն իրեն խոսք տվեց` այնպես ծառայել, որ մայրը միայն ուրախությունից ու հպարտությունից հուզվի: Արմանը փոքր եղբայր ունի, պետք է օրինակ ծառայի նրան:

«Ծառայությունս ավարտեմ, պիտի սովորեմ ինչ-որ տեղ, զուգահեռ կաշխատեմ նաև, հետո արդեն կտեսնենք: Առաջին անգամ եմ Ղարաբաղում, այն էլ` էս կարևոր գործով»,- ասում է Արմանը:

***

Սամվել Պետրոսյանը նույնպես նորակոչիկ է` 2 ամիս է ծառայում: Սամվելը Լաչինից է: Զինվորը հավաստիացնում է` արդեն հարմարվել է, ավելի ճիշտ` հարմարվելու խնդիր չի էլ եղել:

«Առանձնապես դժվար բան չկա ծառայության մեջ, պետք է ուղղակի հասկանաս` ինչ պատասխանատվություն է քո առջև դրված: Ես սովոր էի շուտ արթնանալ, հիմա բանակում առավոտ շուտ «վեր կաց»-ն էլ ինձ չի խանգարում: Կարոտը կա, բայց դե ինչ անես, սա է: Այստեղ մի ընտանիքի պես ենք իրար հետ»,- ասում է Սամվելը:

Ըստ նրա՝ եթե տղան առողջական որևէ խնդիր չունի, պետք է անպայման ծառայի: «Ծառայության մեջ դժվար բան չկա, տղա ենք, պետք է բոլորս էլ ծառայենք, բա հայրենիքն ո՞վ է պաշտպանելու: Ծառայությունը կյանքի դաս է. երկու ամիս է, որ ծառայում եմ, բայց ես էլ արդեն զգում եմ ինձ վրա փոփոխություններ»,- ասում է զինվորը:

Սամվելը խոստովանում է` սիրած աղջիկ ունի, սպասում է իրեն: Ասում է` այդ հանգամանքը նույնպես օգնում է, որ ծառայության օրերն ավելի արագ անցնեն: «Միտքը, որ քեզ սպասում են` ծնող, քույր, սիրած աղջիկ, ընկերներ, օգնում է, որ օրերդ արագ անցնեն: Նամակ դեռ չեմ գրել, տեսնենք, չեմ պատկերացնում, որ կգրեմ, բայց որ կարոտը խեղդեց, կգրեմ, բա ի՞նչ կանեմ»,- ասում է նա:

***

Նորակոչիկ Սարգիս Մխիթարյանն էլ Երևանից է: 2 ամիս է, որ զորակոչվել է բանակ: Սարգիսն ասում է`առաջին բանը, որ հիշեցնում է, որ ծառայության մեջ է, զինվորական համազգեստն է: Ըստ նրա`  համազգեստը պարտադրող ու ստիպող է, նաև` հոգեպես կոփող. հագնում ես ու զգում, որ զինվոր ես ու պարտավոր ամեն ինչ անել քո ազգի համար:

«Սկզբնական շրջանում բանակային կյանքին սովորել օգնում են հիշողությունները` քաղաքացիական կյանքում ունեցած քո լավ օրերի մասին հուշերը: Բանակին պատրաստվելու համար երկար ժամանակ է պետք, եթե պատրաստված չգաս, շատ երկար ժամանակ կպահանջվի: Ստեփանակերտը լավ տեղ է, լավ տեղ ենք ընկել, չնայած արդեն խեղդում է տնեցիների կարոտը, որոնց մեկ ամիս առաջ եմ տեսել»,- ասում է Սարգիսը:

Սարգիսը նույնպես սիրած աղջիկ ունի, բայց իրեն թույլ չի տվել աղջկան ինչ-որ բան ասել` չգիտի` երկու տարի հետո ինչ կլինի: Ասում է. «Հիմա ինքը կսպասի, թե՝ ոչ, չգիտեմ… 2 տարին քիչ ժամկետ չէ»:

Սարգիսը սովորում է Երևանի բժշկական համալսարանի 3-րդ կուրսում և զորացրվելուց հետո պետք է ուսումը շարունակի: Ասում է` ամեն մարդ պետք է իր տեղում լինի, կարևորը կյանքում հենց դա է` քո տեղը գտնելը: «Օրինակ՝ ես այստեղ իմ գործին եմ, մարդ կա` չի եկել ծառայելու, ինքն էլ իր գործին է, իր ընտանիքի կողքին միգուցե»,- ասում է նա:

Սարգիսը իրենց տղաներին սպասող ծնողներին համբերություն է մաղթում, ուզում է` բոլորի տղաները տուն վերադառնան ու ծնողների սպասումն արդարացնեն: 

 

Կարինե Հարությունյան