Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Որդիների կանչ» ՀԿ անդամները ինչպես հայտնի է, շրջում եմն մարզերի դպրոցներով՝ պարզելու, դպրոցներում կա՞ն զոհված զինծառայողների հիշատակին նվիրված «Փառքի անկյուններ»։ Այցերի ժամանակ, զոհված տղաների ծնողները նաև խոչընդոտների են հանդիպում, որի մասին «Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանն այսօր մանրամասնեց ասուլիսի ժամանակ։
«Արագածոտնի մարզի Ափնայի միջնակարգ դպրոցում մուտքի մոտ կանգնած էին մի քանի հոգի։ Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ ագրեսիվ մեզ դիմավորեցին։ Տնօրեն Սուսաննա Հակոբյանը թույլ չտվեց նկարահանել, ապա թույլ չի տվել դպրոց մուտք գործել։ Ասաց, որ իրենք նկուղում դասասենյակ ունեն, «Փառքի անկյունը» տեղափոխել են այնտեղ։ Պարզվեց՝ ոնց որ ՆԶՊ-ի դասասենյակն է, նկարներն էլ այնտեղ են տեղափոխել։ Ասաց՝ կարող ենք տանել, տեսնեք, բայց նկարել չի կարելի։ Ագրեսիվ տոնը շարունակվեց մինչև դուրս եկանք»։
Շաքրո Մհոյանի անվան Ալագյազի միջնակարգ դպրոցի տնօրենը նույնպես արգելել է զոհված զինծառայողների ծնողներին մտնել դպրոց և տեսնել «Փառքի անկյունը»։
«Տնօրենն եկավ, ասաց՝ ես վերադասից համաձայնություն չունեմ: Այստեղ մի թեթև միջադեպ եղավ, իրենք ձայնն էին բարձրացնում: Ես ներկայացա։ Ինձ ասում էր՝ ձեզ չեմ ճանաչում, կարող է դուք մուսուլման եք»,- պատմեց Արա Ռոստոմյանը։
Երրորդ կանգառը Ծաղկահովիտի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցն էր։
«Մենք ասացինք՝ գնում ենք մեր տղաների նկարները նայենք, խոնարհվենք։ Տնօրենը՝ Եղիշե Անտոնյանն, ասում է՝ վստահեցնում եմ ձեզ, ձեր տղաների նկարներն այնտեղ չկան։ Ասում ենք՝ հասկացեք, բոլորն են մեր տղաները։ Իրեն արդարացնելու համար ասաց՝ ցուցում ունեմ, ցուցում կա։ Ձայնագրությունները կան»,- ասաց նա։
Ըստ Արա Ռոստոմյանի՝ Արագածոտնի մարզի համայնքներից մեկում, երբ իրենց թույլ չեն տվել մտնել դպրոց, տեսնելու, թե կա Փառքի անկյունը, թե՝ ոչ, միջադեպ է եղել, իրենց թույլ չեն տվել, և իրենց խոչընդոտողներից մեկն ասել է, որ ինքն էլ է կռված։ Այս առիթով Արա Ռոստոմյանն ասաց, թե դիմում է ընդհանրապես բոլոր այն մարդկանց, որոնք իրենց հանդիպելիս ասում են, որ իրենք էլ են կռված․ «Եթե կռվել եք, ուրեմն դուք մեր տղաների հետ եք կռվել։ Որ ասում ենք՝ մեր տղաներին, նշանակում է՝ բոլորին համարում ենք մեր տղաները։ Եթե մեր տղաների հետ եք կռվել, տեսել եք մեր տղաների նահատակությունը, ապա դուք ինչո՞ւ չեք թողնում ձեր ընկերների ծնողները գնան, իրենց երեխաների նկարները տեսնեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։