կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 13:43
Քաղաքական

Եթե արդյունավետ պետություն չես դառնում՝ ամեն վայրկյան խոցելի ես. ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Եթե արդյունավետ պետություն չես դառնում՝ ամեն վայրկյան խոցելի ես. ԼՂՀ ԱԺ պատգամավոր

ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, Արցախում մի քանի լրագրողների հետ զրույցում խոսելով Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից դասեր քաղելու մասին, նշեց, որ վստահաբար պետք է լուծում տրվի բոլոր այն թերություններին, որոնք ի հայտ են եկել Ադրբեջանի հարձակման առաջին ժամերին: Ըստ նրա` հակառակորդը տարիներ շարունակ դիվերսիոն հարձակումներով, հրետանակոծություններով, զորքի տեղաշարժով և պարբերաբար կրակոցներով ստեղծել է մի վիճակ, որին սովորել էր հայկական բանակը: Սակայն ապրիլի 1-ի գիշերը հակառակորդը օգտագործել է իր ողջ ռազմական ներուժը` ծավալուն հարձակման համար, և սկսել է պատերազմ:

«Մենք իրականացրել ենք սովորական պաշտպանություն, այնինչ` պետք է ամեն օր պատրաստ լինել պատերազմի` համապատասխան ռեժիմով, համապատասխան ռեսուրսով, մոբիլիզացիոն ճիշտ աշխատանքով և տեխնիկայի ներգրավվածությամբ»,- ասաց Խանումյանը:

Հարցին, թե ժամանակը չէ՞, հողերը պաշտպանելուն զուգահեռ, հետ բերել նաև պաշտոնյաների` ապօրինաբար թալանած փողերը, Հայկ Խանումյանը պատասխանեց, որ կատարվածը կարող է դաս լինել, որից հետո կսկսվի արդյունավետ պետության կառավարումը: «Եթե դու արդյունավետ պետություն չես դառնում, ապա ամեն վայրկյան դու խոցելի ես: Թե' զինտեխնիկայի, թե' սպառազինության, թե' արդարության պակաս ես ունենալու: Այս գործողությունների դասը պետք է լինի արդյունավետ պետության կառուցումը` թե' բանակում արդիականացման գնալով, թե' տնտեսության հակաօլիգարխիկ քաղաքականություն վարելով, մի խոսքով` բոլոր այն բաները, որոնք տեղավորվում են արդյունավետ կառավարման մեջ»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ արդեն իսկ պետական կառավարման օղակներում մի շարք խմբեր են աշխատում, որպեսզի գոնե այդ դասերը վերածվեն պրակտիկ գործողությունների: «Հույս ունեմ, որ գոնե ինչ-որ գործողություններով, հատկապես` Արցախի սահմանային բնակեցված շրջաններում ենթակառուցվածքների կառուցման, բնակֆոնդի կառուցման և այլ քայլերով պետք է լուրջ ճեղքում արձանագրենք, որովհետև դա պաշտպանության առաջնային քայլն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի ներգրավման հավանականությանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ խաղաղապահ ուժեր տեղակայում են այն կոնֆլիկտային տարածքներում, որտեղ խաղաղ բնակչությունը վտանգի տակ է և պաշտպանող չունի:

«Արցախի քաղաքացիներին պաշտպանում է Պաշտպանության բանակը, Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը՝ Ադրբեջանի զինված ուժերը, հետևաբար` խաղաղապահների կարիք ընդհանրապես չկա: Արցախում դառը փորձ կա` օտար զինվորների ներկայության պահով, մասնավորապես` Խորհրդային միության վերջին տարիներին առկա ռուսական զորքերի, որոնք լայնածավալ հակահայկական գործունեության մեջ են ներգրավված եղել, հայաթափել են Արցախի որոշ շրջաններ և ենթաշրջաններ,ամբողջական գյուղեր: Արցախում ցանկացած զինվոր, հայ զինվորից բացի, թշնամի է: Տարիների, դարերի ընթացքում այստեղ, հայ զինվորից բացի, ինչ զինվոր մտել է, մտել է թշնամու կերպարով»,- ասաց Խանումյանը և հավելեց, որ ինքը բացառում է Արցախում խաղաղապահ ուժերի ներկայությունը: