կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 15:51
Քաղաքական

Ամեն վայրկյան էլ պետք է սպասել պատերազմի, տագնապելու կարիք չկա․ պաշտպանության փոխնախարար

Դիտարկելով վերջին 30 տարվա պատմությունը՝ ամեն վայրկյան էլ պետք է սպասել պատերազմի․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Կարծում եմ՝ նոր պատերազմի մասին որեւէ մեկը հստակ ասել չի կարող։ Ըստ իս՝ եթե նման խնդիր լինի, բնականաբար, պետությունն ամեն քայլ կձեռնարկի։ Դիտարկելով մեր վերջին 30 տարվա պատմությունը՝ պետք է ամեն վայրկյան էլ սպասել նոր պատերազմի։ Տագնապելու կարիք չկա»,- նշեց նա։

Խոսելով Կապանի նոր դիրքերից մեկի հետ կապված աղմկահարույց տեսանյութի մասին՝ փոխնախարարը ասաց, որ այդ առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։

«Կապանի առաջնագծում որեւէ լուրջ մտահոգության կարիք չկա»,- հավելեց նա։

Մինչդեռ դիրքապահների հրապարակած տեսանյութի մեջ խոսվում էր վատ պայմանների մասին։

Սարգսյանի խոսքով՝ ՊՆ-ն եւ ԳՇ-ն ամեն ինչ անում են, որ զինվորիների վիճակը, պայմանները բարեալավվեն։

Անդրադառնալով Կապանի դիրքը թողնելու հրամանին՝ նա ասաց, որ դիրք թողնելու հրամանի մասին խոսք չկա։ «Այս լուրերի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր։ Ես վաղաժամ հայտարարություն անել չեմ ուզում»,- նշեց փոխնախարարը։

Հարցին՝ իսկ բանակի բյուջեն կրճատվելո՞ւ է, նա հրաժարվեց պատասխանել, խորհուրդ տվեց հարցն ուղղել ֆինանսների նախարարությանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան