Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված երկկողմանի ճիգերի կիրառումը շարունակվում է:
«Պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանը փորձում է սիրաշահել Թուրքիային և Ադրբեջանին ու պետք չէ դրանից խուճապի մատնվել: Ռուսաստանի՝ Թուրքիային սիրաշահելու շարունակական ճիգը նրան Արևմուտքից պոկելու համար է: Արևմուտքն անհանգիստ է, և Ռուսաստանը փորձում է օգտվել այդ առիթից՝ Թուրքիային Արևմուտքից հեռացնելու համար: Դրա համար կարող են ինչ-որ բաներ հայտարարվել Ղարաբաղյան հարցի վերաբերյալ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մանոյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանին զսպելու համար հայկական կողմը ռազմական տեսանկյունից ճիշտ քայլեր արել է, բայց դիվանագիտական տեսանկյունից շատ կարևոր է ամրագրել, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն պետք է ստորագրեն ռազմաքաղաքական այն պայմանագիրը, որի մասին ապրիլի սկզբին հանրապետության նախագահն էր ասել և հանձնարարել արտգործնախարարությանը` պատրաստել այն:
«Կարծում ենք, որ հիմա է այն ստորագրելու պահը: Դա նաև կնպաստի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին: Անհրաժեշտ է վայրկյան առաջ այդ ռազմաքաղաքական պայմանագիրը ստորագրել, որպեսզի ավելի հեշտ լինի աշխատանք տանել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Պատրանք չունենք, որ վաղը պետությունները կճանաչեն, բայց անհրաժեշտ է, որպեսզի պայմանագրից բխող հարցերի էությունը պարզ դառնա: Այդ ինչպե՞ս է, որ ՀՀ զինակոչիկը հայտնվում է Արցախի և Ադրբեջանի շփման գծում, այդ ինչպե՞ս է, որ ԼՂՀ-ում գործածում են նույն` ՀՀ անձնագիրը: Աայս բոլորը բացատրելու համար անհրաժեշտ է այդ պայմանագիրը ստորագրել»,- ասաց Մանոյանը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ԼՂ հարցում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության քննադատությանը՝ նա նշեց. «Նախքան 2008 թվականի նախագահական ընտրությունները, երբ Քոչարյանը նախագահ էր, Օսկանյանն էլ՝ արգործնախարար, Մադրիդյան փաստաթղթի շուրջ բանակցել են, ու հետաքրքիր է, որ այն մարդիկ, ովքեր ստորագրել են այդ փաստաթղթի տակ, հիմա ասում են, որ իրավիճակը փոխվել է, կեցվածքը փոխվել է: Բոլորն էլ իրավունք ունեն իրենց կեցվածքը փոխելու, բայց մեղադրել, որ ներկա իշխանություններն են դրա մեղավորը, այսօրվա վիճակի պատասխանատուն, ազնիվ չէ: Չեմ կարծում, որ, այսպես ասած, չեզոք դիրքերից են երկրորդ նախագահը և իր արտգործնախարարը»: