Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 13:38
Արցախ

Վրաց գործիչները` Ղարաբաղյան հակամարտության և Վրաստանի դիրքորոշման մասին

Վրաց գործիչները` Ղարաբաղյան հակամարտության և Վրաստանի դիրքորոշման մասին

Armenian-community.ge կայքը գրում է, որ վրաց քաղաքական և հասարական գործիչները լրջորեն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում լայնամասշտաբ ռազմական գործողություններից:

Փորձագետ Նիկա Չիտաձե. «Վրաստանը տվյալ իրավիճակում պետք է չեզոքություն պահպանի, քանի որ և´ Հայաստանը, և´ Ադրբեջանը մեր ռազմավարական համագործակիցներն են: Ինչ վերաբերում է խնդրին, խնդիրն այն է, որ կան բազմաթիվ հայ և ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ: Նրանք, հավանաբար, կմասնակցեն պատերազմին: Վրաստանի քաղաքացիների որոշ մասը տվյալ իրավիճակում կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ: Իհա´րկե, խոսքը չնչին մասին է վերաբերում:

Միաժամանակ Վրաստանը տնտեսական դժվարություններ կունենա: Հայաստանը իր արտաքին առևտուրը զգալի չափով իրականացնում է Վրաստանի տարածքի միջոցով: Ներկրման և արտահանման 70%-ը Հայաստանն անցկացնում է մեր տարածքի միջոցով: Այն դեպքում, եթե Հայաստանը պատերազմի մեջ գտնվի, ապրանքաշրջանառության ծավալը կկրճատվի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն Վրաստանի գլխավոր առևտրային համագործակիցն է: Բացի այդ` այդ երկիրը նշանակալի ներդրումներ է իրականացնում մեր երկրում: Առաջին հերթին` էներգետիկայի բնագավառում: Հնարավոր է` խնդիրներ առաջանան ներդրումների իրականացման հետ կապված, ինչպես նաև այն նախագծերի հետ կապված, որոնք ծրագրում են իրականացնել երկու երկրները:

Եվս մեկ խնդիր կա: Ռուսաստանը հավաքական անվտանգության մասին պարտականությունների շրջանակներում պարտավոր է Հայաստանին օգնություն տրամադրել: Այն դեպքում, եթե ռազմական գործողությունները անմիջականորեն փոխանցվեն Հայաստանի տարածքին: Դա քիչ հավանական է, բայց վատթարագույն դեպքում Վրաստանից կարող են խնդրել միջանցք տրամադրել Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռներ փոխադրելու համար»:

Փորձագետ Թոռնիկե Շարաշենիձե. «Ես չեմ կարծում, որ Վրաստանն ունի այնպիսի հնարավորություն, որ հակազդի Ռուսաստանին այն դեպքում, եթե Ռուսաստանը խնդրի Վրաստանին ռազմական միջանցք տրամադրել իրեն: Ցավոք, վրացական կառավարությունը չի կարող մերժել Ռուսաստանին:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞րն է Ադրբեջանի նպատակը: Այնտեղ շատ բարդ ներքաղաքական իրավիճակ է: Գիտենք, որ ձերբակալված են հայտնի լրագրողներ, տարբեր գործիչներ, ակտիվիստներ: Հնարավոր է ցանկանան մեղմացնել Ադրբեջանին: Եթե դա նպատակ է, ապա հնարավոր է` բախումը շուտով ավարտվի, քանի որ բախմանը պատրաստ չէ ո´չ Ռուսաստանը, ո´չ Թուրքիան»:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկին. «Բնականաբար, Անդրկովկասում տեղի ունեցող ցանկացած բախում ուղղակիորեն կարտացոլվի Վրաստանի անվտանգության, մեր ապագայի վրա: Դրանից ելնելով` ծայրահեղ կարևոր է, որպեսզի հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի: Վրաց կառավարությունը առավելագույնս նշանակալի քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի Վրաստանը ներքաշված չլինի տվյալ բախման մեջ:

Մենք պետք է շատ զգուշորեն կշռադատենք մեր դիրքորոշումը և պետք է աջակցենք խաղաղության հաստատմանը: Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, Հայաստանի հետ մեզ լավ հարաբերություններ են կապում: Եթե շիկացումը շարունակվի, ապա դա անպայման ազդեցություն կունենա մեզ վրա»:

Մանրամասն` սկզբնաղբյուրում