կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-01 14:00
Քաղաքական

Տեսչական համակարգը կկրճատվի

Տեսչական համակարգը կկրճատվի

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր կառավարության ներկայացրած օրինագիծը «Տեսչական մարմինների մասին» և «Քաղծառայության մասին» օրենքներում փոփոխություններ անելու մասին: Նշենք, որ երեկ կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը այդ հարցն անհետաձգելի էր ճանաչել:

Հարցը ներկայացնում էր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Առաջարկվում է, որ տեսչական մարմնի ղեկավարին, որը հայեցողական պաշտոն է, նշանակում է վարչապետը` Խորհրդի ներկայացմամբ: Օրենքներում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է տեսչական մարմնի ղեկավարի գործառույթները, ինչպես նաեւ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի նշանակման դրույթը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես` ներկայումս գործող օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեսչական մարմնի ղեկավարն իրավասու է նշանակումներ կատարել տեսչական մարմինների պաշտոններում, սակայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի մեկնաբանությամբ ստացվում է, որ դրանք միայն քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններն են: Այդ առումով անհրաժեշտ է հստակեցնել այն պաշտոնները, որոնց նշանակումները կատարվում են տեսչական մարմնի ղեկավարի կողմից։

Դրանով է պայմանավորված նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումների կատարման անհրաժեշտությունը, որոնցով սահմանվում են տեսչական մարմնում քաղ. ծառայության առանձնահատկությունները, մասնավորապես` տեսչական մարմնում քաղ. ծառայողների նշանակումները, ատեստավորման եւ վերապատրաստման որոշումների ընդունումը, խրախուսման եւ պատասխանատվության միջոցների կիրառումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից: Տեսչական մարմնի անձնակազմը կազմավորում է տեսչական մարմնի ղեկավարը` իրականացնելով ինքնուրույն կադրային քաղաքականություն:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կան բազմաթիվ բողոքներ քաղաքացիներից ու տնտեսվարողներից, որ ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների շուկայում կան չարաշահումներ, սակայն քանի որ տեսչական մարմինը ձևավորված չէ, ապա պատշաճ չի կատարում նաև իր վերահսկողական լիազորությունները: Նախարարը օրինակ բերեց, որ բենզալցակայանների, գազալցակայանների կամ անորակ ու մարդու առողջությանը վնասող ոչ պարենային ապրանքների շրջանառությունը, որոնց վերահսկողության գործառույթը վերապահված է տեսչական մարմնին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե 17 տեսչական մարմինների օպտիմալացման արդյունքում քանի՞ տեսչական մարմին է մնալու: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ 17-ից մնալու են 9-ը: