կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-25 14:18
Հասարակություն

Դպրոցներում ավարտական քննությունների թիվը կկրճատվի

Դպրոցներում ավարտական քննությունների թիվը կկրճատվի

Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ այս տարի ավագ դպրոցի 12-րդ դասարանցիները քննությունները կհանձնեն դեկտեմբեր ամսին, իսկ հունվարից կսովորեն միայն 3 առարկա: Եթե փորձն արդարացնի իրեն, հաջորդ տարի 12-րդ դասարանում կանցնեն 3 առարկա, որոնք հարկավոր են աշակերտին բուհ ընդունվելու համար:

Այսօր  ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ, այսպիսով, աշակերտն ամեն օր երկու ժամով կանցնի միայն իր ընտրած երեք առարկաները: Եթե կլինեն դպրոցներ, որտեղ, օրինակ, «Հայոց լեզու» առարկան ընտրածների թիվը շատ կլինի, տնօրենը և ուսուցիչը կարող են բաժանել աշակերտներին թիմերի, որպեսզի ավելի արդյունավետ լինեն պարապմունքները:

«Մենք կրկնուսույցների դեմ պայքարելու խնդիր չենք դրել մեր առջև, ուղղակի մեր ծրագիրն ենք իրականացնում: Բայց մենք հասկանում ենք նաև, որ գալու է մի ժամանակ` մի քանի տարի հետո, երբ սա կփոխարինի կրկնուսույցներին»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ, բացի այս, ավագ դպրոցում էլի կան փոփոխություններ: Այսուհետ շրջանավարտները կհանձնեն 3 քննություն` «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից: Աշակերտին հնարավորություն կտրվի նաև դեկտեմբերին հանձնել այս քննությունները:

«Փոխադրական դասարաններում քննությունների թիվը նույնպես և՛ կկրճատվի, և՛ դրանց կարգը կփոխվի: Քննությունների անցկացման ձևաչափում մենք հին տարբերակին ենք մոտենում, երբ աշակերտը ոչ թե թեստային, այլ բանավոր կերպով էր դրանք հանձնում: Այսպես մենք ավելի ճիշտ արդյունքներ կգրանցենք:  9-րդ դասարանում, օրինակ, «Մաթեմատիկա» առարկան կլինի գրավոր, իսկ «Հայոց լեզու» առարկայի քննությունը կլինի փոխադրության կամ շարադրության տեսքով, ինչպես նախկինում, և «Գրականությունը»` բանավոր»,- ասաց Հովհաննիսյանը: