Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու տարի առաջ այցելել էի Հայաստանի ազգային գրապալատ: Գրապալատի տնօրենի հետ ծանոթանալուց բացի, այդ օրը ծանոթացա նաև սնկերի թագավորությունների հետ: Գրապալատի անձեռնմխելի ֆոնդերի պահպանության հատվածում խոնավությունից սնկեր էին աճել. տարածքը, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր` տանիքից կաթկթում էր, պատուհաններից` նույնպես, իսկ պատերն ամրացման կարիք ունեին: Հիմա պատկերը փոխվել է` տանիքը նորոգվել է, պատուհանները` փոխվել, սակայն տարածքը դեռ չեն բարեկարգել, քանի որ շատ ծախսատար է: Նշենք նաև, որ գրապալատի տնօրենն այս ընթացքում փոխվել է, քանի որ նախկին տնօրենը` Հովհաննես Բեքմեզյանը, թոշակի է անցել, նրան փոխարինել է Գևորգ Հարությունյանը:
Այսօր` կառավարության նիստի ժամանակ, որոշվեց, որ «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու են և միացնեն «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին: Yerkir.am-ի հետ զրույցում գրապալատի տնօրեն Գևորգ Հարությունյանը նշեց, որ վերակազմավորումը գրապալատին ոչինչ չի տա, քանի որ պարզ չէ` վերակազմավորումն ինչ արդյունք է հետապնդում:
Նա նշեց, որ երբ քննություն էր հանձնում` գրապալատի տնօրենի պաշտոնը ստանձնելու համար, դեռ այն ժամանակ իր հայեցակարգում ներկայացրել էր գրապալատի հետագա աշխատանքի կազմակերպման ընթացքը, որի ճանապարհներից մեկը վերակազմավորումն էր:
«Վերակազմավորման խնդիր ես դեռ իմ հայեցակարգում եմ ներկայացրել, որը 2 անգամ քննարկել ենք մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի հետ: Սակայն իմ ներկայացրած վերակազմավորումն այլ տրամաբանություն ուներ. ես առաջարկել էի, որ կա'մ դրույքները կրճատվեն, կա'մ էլ աշխատակիցների գործառույթներն ավելացվեն: Գրապալատն աշխատում է ոչ արդիական գործիքներով, այսինքն` թուղթ ու գրիչով են մինչ օրս աշխատել, քանի որ չունենք համակարգիչներ, իսկ ես առաջարկում էի ամբողջ աշխատանքի համակարգչայնացում, որը կբացառեր նույն աշխատանքի կրկնումը, ինչից հիմա չենք կարող խուսափել, քանի որ թղթի վրա գրված քարտը չես կարող փոխանցել, այսինքն` էլեկտրոնային քարտեր էր պետք ստեղծել, համակարգչային ցանց ստեղծել` փոխկապակցված»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ համակարգչայնացման անցնելու դեպքում իրենց աշխատանքի արդյունավետությունը կբարձրանար առնվազն 8 անգամ, քանի որ ավելի համակողմանի կդառնար միջազգային համարանիշների տրամադրման աշխատանքը, տառաստեղծների աշխատանքն ավելի համակարգված կլիներ, այսինքն` ծառայություններից օգտվողների թիվը շեշտակիորեն կավելանար: Գրապալատի տնօրենի կարծիքով` իր ծրագիրն իրականացնելու դեպքում ամբողջ գրապալատն, ըստ էության, կթարմացվեր:
Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ գրապալատն ունի 51 աշխատակից, և կան աշխատակիցներ, օրինակ` մատենագիտության ոլորտում աշխատողները, որոնք, ճիշտ է, թոշակի տարիքի շեմին են, բայց գրեթե անփոխարինելի են` հաշվի առնելով տարիների կուտակած փորձը:
«Վերակազմավորումից առաջ քննարկումներ եղել են, բայց ես եղել եմ հարցերին պատասխանողի դերում, ինձ հայտնի չէ` ի՞նչ ճակատագրի է արժանանալու գրապալատը: Հիմա չգիտեմ` ինչ ենք անելու, քանի որ ինձ ասել են, որ 51 աշխատակցից պետք է շարունակեն աշխատել 20-30-ը: Բացի այդ` հայտնի չէ` ինչ է լինելու մեր անձեռնմխելի ֆոնդը, եթե միանում ենք գրադարանին, չէ՞ որ գրադարանն ընթերցողներին սպասարկելու համար է, իսկ մենք, ինչպես Նոյն էր յուրաքանչյուր կենդանիներից երկուական հավաքում իր տապանում, մեր գործառույթն էլ նույնն է` երկուական օրինակով պահպանել յուրաքանչյուր տպագիր նյութ` սերունդներին փոխանցելու համար»,- ասաց Հարությունյանը:
Ըստ նրա` անձեռնմխելի ֆոնդերի պահպանության հատվածը 330 քմ է, որը նախատեսված է 1 մլն կտոր նյութ պահելու համար, և տարածքն արդեն իսկ գերծանրաբեռնված է, քանի որ այնտեղ 1 300 000-ից ավելի գիրք կա: Հարությունյանը նշեց նաև, որ խնդիրն իր պաշտոնը, աշխատանքը չէ, այլ գրապալատի ճակատագիրը, որն անհայտ է իրեն:
Ի դեպ, գրապալատի վիճակի մասին 2014-ին արված տեսանյութը` այստեղ: