Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված 105-ամյա Մովսես Հանեշյանի պատմությունը, ով Դիանա Մարկոսյանի լուսանկարի հերոսն է:
Մեծ հավանության արժանացած լուսանկարի և Մովսես պապի պատմությունը ներկայացնելիս հեղինակավոր թերթն ուշագրավ անդրադարձներ է կատարում Հայոց ցեղասպանության ճշմարտությանը և պատմական փաստերին:
Թոմ Սեյմուրի հոդվածը ներկայացնում ենք ստորև, որում մեջբերումներ են արվել հայտնի լուսանկարի հեղինակ Մովսես պապից:
«Սա Մովսես Հանեշյանի լուսանկարն է, ով մեկ դար անց առաջին անգամ տեսնում է իր հայրենի տունը: Երբ նա տեսավ նկարը, սկսեց արտասվել ու մրմնջալ. «Իմ տո~ւնը, իմ Հայաստա~նը»: Երգելիս նա մատներով դիպչում էր կտավին, հետո համբուրում այն, ասես՝ դա օգնելու էր իրեն վերադառնալ անցյալ:
Մովսեսն իր տունը վերջին անգամ տեսավ 1915 թվականին` 5 տարեկանում, երբ զինվորները խուժեցին իրենց գյուղ, և նա փախավ՝ հոր ձեռքից բռնած: «Ճանապարհի կեսը ծածկվել էր մարդկային դիակներով»,- պատմեց նա: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, որը հայերն անվանում են «Մեծ եղեռն»` հայերի Ցեղասպանությունն իրենց հայրենիքում, որն այժմ ժամանակակից Թուրքիայի մաս է կազմում:
Առաջին Աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունը նախաձեռնեց բռնի տեղահանման, զանգվածային սպանության եւ բռնաբարության քաղաքականություն՝ոչնչացնելու հայկական ներկայությունն իր սահմաններում: Պատերազմի ավարտին ավելի քան մեկ միլիոն մարդ էր սպանվել: Մինչ օր, 29 երկիր այդ սպանությունները պաշտոնապես ճանաչել է որպես ցեղասպանություն, սակայն թուրքական կառավարությունը` Օսմանյան կայսրության ժառանգները, ամբողջությամբ չեն ճանաչում այն»:
Թերթը ներկայացրել է նաև լուսանկարի հեղինակի և Մովսես պապի ծանոթության պատմությունը: Դիանա Մարկոսյանը պատմել է, որ Մովսես պապի հետ ծանոթացել է 2013 թվականին, երբ ուղևորվել է Հայաստան` Ցեղասպանությունը վերապրած 9 մարդու հետ հանդիպելու ու նրանց պատմությունները լսելու:
«Նրանցից երեքը՝ Մովսեսը, Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանն ու Մարիամ Սահակյանը պատրաստ էին օգնել ինձ: Մենք ճշգրտորեն գտանք նրանց թողած գյուղերի կոորդինատները: 105-ամյա Մովսեսը ինձ մի քարտեզ տվեց, և ես դա հնարավորինս ուշադիր սերտեցի՝ փորձելով գտնել այն ամենը, ինչը նա ինձ նկարագրել էր՝ ծովը, պտղի ծառը, այծերը և այլն»,- նշել է երիտասարդ աղջիկը:
Դիանա Մարկոսյանը ծնվել է Մոսկվայում 1989 թվականին և սովորել Կոլումբիայի համալսարանում: