կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-23 10:18
Քաղաքական

Պարանոյիկ նիկոլով դուք ընդունակ եք մի բանի՝ կործանել երկիրը, որն անում եք մինչ այժմ. Բ. Եսայանը՝ «Իմ քայլին»

Պարանոյիկ նիկոլով դուք ընդունակ եք մի բանի՝ կործանել երկիրը, որն անում եք մինչ այժմ. Բ. Եսայանը՝  «Իմ քայլին»
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է. 

«Քանի որ դավաճանն ու իր տգետ խմբակը փորձում են ընդդիմության առաջարկը՝ Վազգեն Մանուկյանի Անցումային ժամանակավոր կառավարության ձևավորման վերաբերյալ «վարկաբեկել» մի քանի անհոդաբաշխ հաստատումներով, փորձեմ ներկայացնել թե՛ միջազգային փորձը, և թե՛, մանավանդ, հենց հայաստանյան ոչ վաղ անցյալը։
1. Վազգեն Մանուկյանը «օդից վերցրած» վարչապետի թեկնածու է։
Նախ, Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնությամբ հանդես են եկել ընդդիմադիր 17 կուսակցությունները, այդ թվում ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը ՝ ԲՀԿ-ն, որը նախորդ ընտրություններին ստացել է 8.26% ձայներ և Սահմանադրության համաձայն իրավունք ունի առաջադրել վարչապետի իր թեկնածուին։ Հիշեցնեմ ընդամենը, որ 2018-ի մայիսին նիկոլ փաշինյանի թեկնածությունն առաջադրեց ԵԼՔ դաշինքը, որը երրորդ քաղաքական ուժն էր ԱԺ-ում՝ 7.78% ձայներով։ Այն ժամանակ փողոցի հիմնավորումը մեկն էր՝ իրավիճակ է փոխվել։ Իրավիճակի փոփոխությունն այն ժամանակ արտահայտվում էր մի քանի հոգու՝ Գյումրիից Երևան քայլելով, և բազմամարդ միտինգներով։ Այսօր իրավիճակի փոփոխությունն առավել քան ակնհայտ է՝ երկիրը պարտվել է պատերազմում, Հայրենիքի 25%-ը հանձնված է, կան դավաճանության հիմնավոր կասկածներ, պետական համակարգը գտնվում է կաթվածահար վիճակում, հասարակության ճնշող մեծամասնությունը պահանջում է փոփոխություններ։ Ուրեմն ի՞նչն է խանգարում գնալ նույն լուծմանը, ինչ որ 2018-ին։
2. 2018-ին քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց «փոքրամասնության կառավարության» կազմավորումով։ Խորհրդարանական կառավարմամբ երկրներում սա շատ ընդունված գործելակերպ է և բազմիցս կիրառվել է տարբեր երկրներում (Իսպանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա): Այս համակարգում, տարբեր հիմնավորումներով, խորհրդարանում մեծամասնության կառավարություն չձևավորվելու, կամ ձևավորման աննպատակահարմարության հիմքով փոքրամասնության առաջարկած կառավարությունը ստանում է վստահության քվե մեծամասնության կողմից, մինչև արտահերթ կամ հերթական ընտրությունների համար պայմանների ձևավորումը։ Այս նույն սցենարը աշխատեց Հայաստանում 2018-ին։ Իհարկե, այն ժամանակ ևս ստախոս նիկոլը խախտեց պայմանավորվածությունը և արտահերթ ընտրություններ կազմակերպեց ոչ թե 1 տարի, այլ 6 ամիս հետո։
3. Ու՞մ է հաշվետու լինելու կառավարությունը։ Այս արհեստական հարցը քայլածների «գաղափարախոսները» փորձում են նետել որպես անհերքելի «փաստարկ», փորձելով ներկայացնել, թե Ժամանակավոր կառավարությունը Սահմանադրության խախտմամբ է աշխատելու։ Շտապեմ հանգստացնել այդ «բորբողված ուղեղները»՝ ցանկացած կառավարություն աշխատելու է ԱԺ վերահսկողության ներքո և ենթակա է լինելու բոլոր կարգավորումներին, որոնք նախատեսված են գլխավոր օրենքով։ Ճիշտ նույն կերպ, ինչ որ աշխատեց նիկոլ փաշինյանի՝ 2018 մայիսին ձևավորած կառավարությունը մինչև 2018-ի Արտահերթ ընտրությամբ ձևավորված ԱԺ-ի կողմից մեծամասնության կառավարության ձևավորումը։
4. Վերջապես, դավաճանի նետած այն թեզը, թե փորձ է արվում «ժողովրդից» վերցնել իշխանություն ձևավորելու իրավունքը։ նիկոլն իրականում փորձում է մեկ անգամ ևս խաղարկել այն քարտը, որ Հայաստանի վարչապետ կլինի կամ ինքը, կամ Հայաստանը չի ունենա վարչապետ՝ այն է, կկորցնի պետականությունը։ Պետք է ուղղակի սանձել այդ հիվանդ երևակայությունը՝ Հայաստանի պատմությունը քեզնով չի սկսվել և, հաստատապես քեզնով էլ չի ավարտվելու։ Ընդամենը մեկ տարում, Սահմանադրության բոլոր պահանջների պահպանմամբ, այս անցումային փուլն ավարտվելու է և Արտահերթ ընտրություններով ժողովուրդը հանգիստ, թշնամական մթնոլորտը հաղթահարած ընտրելու է այն ուժերին, որոնք էլ կձևավորեն հաջորդ կառավարությունը։
Այնպես որ, խորհուրդս դավաճանական ճանապարհով գնացող այս խմբակին, ձերբազատվեք ձեր խելագար «առաջնորդից» հնարավորինս արագ, դուրս բերեք երկիրը այս աննորմալ շրջապտույտից, որի մեջ ներքաշելուց հետո փորձում է այն պահել նիկոլն ամեն գնով, և հնարավորություն տվեք կարող բոլոր ուժերին իրենց ներդրումն ունենալ վիճակը հաղթահարելու գործում։ Միայնակ, պարանոյիկ նիկոլով դուք ընդունակ եք մի բանի՝ կործանել երկիրը, որն էլ անում եք մինչ այժմ։ Պատմությունն ու ազգը ձեզ չեն ների»։