Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Դերսիմ Դաղը հայերի և հույների դահճի նկարով ավտոբուսի հարցը բերել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հղում անելով «Մեզոպոտամիա» լրատվական գործակալությանը։
Ըստ աղբյուրի՝ Դերսիմ Դաղը հարցապնդում է ներկայացրել՝ պահանջելով, որ իր հարցմանը պատասխանի Թուրքիայի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն։ Հարցապնդման հիմնավորման մեջ մասնավորապես նշված է․
«Այն դեպքում, երբ մինչև 1900-ականների կեսեր Թուրքիայի բազմաթիվ շրջանները, հատկապես Սևծովյան հատվածը բաղկացած էր ուղղափառ հույներից և Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու կաթոլիկ հայերից, Օսմանյան պետության վերջին օրերին այդ բնակչությունը կոտորածի ենթարկվեց։ Հանրապետության հռչակումից հետո այդ ջարդերն ավելի հաճախակի դարձան, և այդ ժողովուրդները ամբողջովին բնաջնջման քաղաքականությանը զոհ գնացին, իսկ հիմնված կարգն անընդհատ ձգտում է Սևծովյան շրջանը պահել ամեն տեսակի քարոզչություն իրականացնելով։ Այդ կարգը հույներին ու հայերին ոչնչացրեց Թոփալ Օսմանի նման՝ բանտից ազատ արձակված հանցագործներից բաղկացած անձանց միջոցով»։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավորը հարցապնդման մեջ Սյուլեյման Սոյլուից պահանջում է պատասխանել հետևյալ հարցերին․
«Արդյոք ձեր նախարարությունը տեղյա՞կ է Դիարբեքիրի և Գիրեսունի նահանգապետարանների կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ օգտագործված ավտոբուսի և վերջինիս վրա դրված Թոփալ Օսմանի լուսանկարի մասին։
Հետաքննություն սկսվելու՞ է այս դեպքի կապակցությամբ։ Մի՞թե հանցագործություն չէ նահանգապետարանի կողմից Թոփալ Օսմանին քարոզչության գործիք դարձնելը, հաստատություն, որը քաղաքացիական ադմինիստրացիայի գլուխ է համարվում։
Ի՞նչ ուղերձ են հղում համապատասխան մարմինները՝ Թոփալ Օսմանի լուսանկարը կիրառելիս»։
Ինչպես երեկ հաղորդել էր Akunq.net-ը, հայերի և հույների դահիճը համարվող Թոփալ Օսմանի նկարով ավտոբուս էր հայտնվել Դիարբեքիրում։ Այն ուղարկել էր Գիրեսունի (Կերասուն) նահանգապետարանը՝ «Off-Road» («Ճանապարհից դուրս») փառատոնի շրջանակներում։ Թոփալ Օսմանը հույների, հայերի, քրդերի և ալևիների դեմ կոտորածներ իրականացրած ոճրագործ է, ով հայտնի է եղել իր առանձնահատուկ դաժանությամբ։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net