Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում փակ քննարկում էր հրավիրվել ԸՕ նախագծի վերաբերյալ:
Նիստից հետո արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ասաց, որ լսել են բոլոր մտահոգությունները, որոնք արտահայտել են պատգամավորները ԸՕ այս կամ այն հարցի կապակցությամբ, իրենք էլ փորձել են փարատել այդ մտահոգությունները:
ԶԼՄ-ների հարցի հետ կապված` նախարարը նշեց, որ նշմարվում է լուծում, այն է՝ ԶԼՄ-ները մինչև 50 ներկայացուցչի անուն են ներկայացնում ԿԸՀ, որը տրամադրում է այդ լրագրողներին ընտրությունները լուսաբանելու համար վկայականներ` լուսանկարով ու անուն-ազգանունով: Ընտրատեղամասում յուրաքանչյուր ԶԼՄ կարող է ունենալ մինչև երկու ներկայացուցիչ կամ երկու լրագրող, կամ մեկ լրագրող և մեկ օպերատոր կամ լուսանկարիչ: Խիստ բացառիկ դեպքերում, ըստ Արփինե Հովհաննիսյանի, հանձնաժողովը երկու երրորդ ձայներով որոշում կարող է կայացնել, որ ընտրատեղամասում ԶԼՄ ներկայացուցիչների թիվը չգերազանցի 15-ը: ԶԼՄ-ների հետ կապված որևէ այլ սահմանափակում չկա:
Տեղական դիտորդների մասով` նրանք պետք է ներկայացնեն այնպիսի կազմակերպություններ, որոնք իրավապաշտպան ոլորտում ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ: Այս պահին այդ հարցն է քննարկվում:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսեց էկրանին քվեարկողների ցուցակը հրապարակելու մասին` ասելով, որ կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք այդ համակարգը կաշխատի, քանի որ ծրագրային խնդիրներ կարող են առաջանալ:
«Այս պահի դրությամբ տեղեկատվությունն այն է, որ այդ մեթոդը հնարավոր չի լինելու իրականացնել: Ասվեց, որ առայժմ որևէ ընկերություն չի ստանձնում նման գործառույթ իրականացնելը»,- ասաց պատգամավորը:
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ցուցակների հրապարակումն առաջնային խնդիր է համարում: Նրա խոսքով՝ ԸՕ նախագիծը չի տալիս ավելի վստահելի ընտրություններ կազմակերպելու մեխանիզմներ, այդ պատճառով ոչ իշխանական ուժերը այսպիսի քննարկումներ են կազմակերպում` արտահայտելով իրենց մտահոգությունները: