կարևոր
3874 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-29 09:45
Քաղաքական

Որոշ անձանց խոստացած ապագան Կոռնիձորում չի նշմարվում․ հետևողական եմ լինելու խնդիրները բարձրաձայնելու հարցում․ Գառնիկ Դանիելյան

Որոշ անձանց խոստացած ապագան Կոռնիձորում չի նշմարվում․ հետևողական եմ լինելու խնդիրները բարձրաձայնելու հարցում․ Գառնիկ Դանիելյան

Սիրելի քաղաքացիներ, Ձեզ խոստացել էի առանձին անդրադարձ կատարել Սյունիքի ամենահին գյուղերից մեկին՝ Կոռնիձորին։

Օրեր առաջ աշխատանքային այցով այստեղ էի․ հանդիպեցի և զրույցներ ունեցա համայնքի բնակիչների հետ, արձանագրեցի մի շարք մտահոգիչ խնդիրներ։

44-օրյա պատերազմից հետո Կոռնիձորը կանգնել է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ։

Փոխվել են բնագծերը, թշնամին տեղավորվել է գյուղի մերձակայքում։

Դիրքապահներից զատ՝ գյուղի տղամարդիկ են յուրաքանչյուր գիշեր հերթապահություն անցկացնում։

Կանայք նշեցին, որ եթե նախկինում դռները բաց կարող էին քնել, հիմա ամուր կողպում են՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար։

Գյուղը զրկված է ոռոգման ջրից։ Այս պայմաններում, ոռոգելի հողերը դարձել են անջրդի, գյուղացիները զրկվել են ապրուստի այս միջոցից ևս՝ մնալով նպաստների հույսին։

Հարյուրավոր հեկտարներից զրկվելով՝ կոռնիձորցիները ստիպված են վաճառելու իրենց վերջին անասունները։ Եթե մինչ 44-օրյա պատերազմը ողջ տարին անասունները արածում էին դաշտերում, ներկայումս արոտավայրերը զավթած թշնամու ներկայությունը խոչնդոտում է անասնապահությանը։ Ինչպես իրենք են նշում՝ հո մեր անասուններին «թուրքի փայ» չենք դարձնի։

Թշնամու ներկայությունը, ապրուստի միջոցների սակավությունը ստիպում են շատ կոռնիձորցիների հեռանալ իրենց համայնքից՝ բնակություն հաստատելով մայրաքաղաքում, ՌԴ-ում։

Որոշ անձանց խոստացած ապագան Կոռնիձորում չի նշմարվում։

Այդուհանդերձ, սահմանապահ կոռնիձորցին ոչ մի դեպքում իրեն միայնակ չպիտի զգա։

Իմ հնարավորությունների սահմաններում հետևողական եմ լինելու այս խնդիրները բարձրաձայնելու, լուծման ուղիներ փնտրելու հարցում։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ