Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի մարզերում մեկնարկել են զբաղվածության ապահովման ծրագրեր: Դրանք այսօր լրագրողներին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
Ծրագրերից մեկը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում»-ն է: Այն ընդգրկում է 30 ծրագիր՝ 9 մարզի համար: Նպատակն է մեղմել սոցիալական լարվածությունը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով: Ծրագիրն իրականացվում է բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում: Դրանում ընդգրկվել կարող են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք:
Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է աշխատաշուկայում անմրցունակ այն անձանց, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան կամ սոցիալական նպաստ, ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս երեխա կամ հաշմանդամություն ունեցող անձ, ինչպես նաև` վերադարձող միգրանտներին: Ծրագրում ընդգրկված շահառուները հետագայում չեն զրկվի նպաստից:
Վարձատրվող հասարակական աշխատանքները կազմակերպվում են հետևյալ ոլորտներում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգում և հարակից տարածքների բարեկարգում, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգում, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքներ, պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգում, գերեզմանատների ցանկապատում, բարեկարգում, բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքներ:
Ծրագրի առավելագույն տևողությունը 3 ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5 հազար դրամ, ներառյալ` եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ նպատակային սոցիալական վճարը:
Արտակ Մանգասարյանը նշեց, որ 2016թ. առաջին եռամսյակի համար նախատեսվում է իրականացնել 8 ծրագիր, ներկայումս այդ աշխատանքներն ընթանում են Իջևանում, ծրագրում ընդգրկված է 15 շահառու: Մինչև ապրիլի սկիզբը կմեկնարկի ևս 7 ծրագիր՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի Արմաշ համայնքում, Արմավիրի մարզի Արևշատ համայնքում, Վաղարշապատի մարզում՝ ընգրկելով շուրջ 30 շահառու:
«Համայնքի առաջ ծառացած այն խնդիրները, որոնք հնարավոր չէ լուծել համայնքի միջոցներով, ասենք` ճանապարհների բարեկարգում, սահմանամերձ շրջանում պաշտպանական-ինժեներական համակարգերի կառուցում՝ ապաստարաններ, պաշտպանիչ պատեր, լուսավորություն, ջրահեռացման ապահովում և այլն, այս աշխատանքներում օժանդակում ենք համայնքապետերին»,- ասաց Արտակ Մանգասարյանը:
Ծրագիրը ներկայացվում է մարզպետարաններին, որտեղ ձևավորված սոցիալական աջակցության խորհուրդները իրենք են որոշում, թե ում հատկացնել այդ ծրագրերը:
Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզին հատկացվել է մեկ ծրագիր, Արարատի մարզին՝ երկու ծրագիր, Արմավիրի մարզին՝ երկու, Գեղարքունիքի մարզին՝ երեք, Լոռու մարզին՝ չորս, Կոտայքի մարզին՝ երկու, Շիրակի մարզին՝ տասնմեկ, Սյունիքին՝ երեք, Տավուշին՝ երկու ծրագիր: Մեկ ծրագրում նախատեսված է 1 միլիոն 500 հազար դրամ: Իջևանի ծրագրում ընդգրկված էն 15 շահառու, ինչը նշանակում է, որ 1 միլիոն 500 հազար դրամը բաժանվում է 15 շահառուների միջև: «Ծրագրի աշխատանքի տեսակով է պայմանավորված, թե քանի հոգի կարող է ընդգրկվել այդ ծրագրում»,- ասաց Արտակ Մանգասարյանը: