Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական նախարարության զբաղվածության գործակալության պետ Արտակ Մանգասարյանը ներկայացրեց զբաղվածության ապահովման այն ծրագրերը, որոնք մեկնարկել են Հայաստանի մարզերում: Նա նշեց, որ արդեն չորրորդ տարին է, ինչ գործում է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրում» ծրագիրը:
Սեփականություն հանդիսացող սեփականաշնորհված կամ օրինական ձևով վարձակալված տարածքներում մարդիկ գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված գործարար ծրագրերով կարող են յուրաքանչյուր օրվա համար վաստակել 4 հազար դրամ, ներառյալ` եկամտային հարկը: Շահառուի ընտանիքի անդամները ևս կարող են ընդգրկվել ծրագրում: Հողում կարող են ցանել ամեն ինչ, կարող են այգի մշակել:
«Հիմա ցանելու, էտելու, վարելու համար շահառուն սահմանված աշխատանքային գրաֆիկով յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար ստանում է 4 հազար դրամ, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներն են ստանում 4 հազար դրամ»,- ասաց Արտակ Մանգասարյանը:
Մեկ ծրագրի առավելագույն արժեքը 350 հազար դրամ է: Կարող են ընդգրկվել հողի սեփականաշնորհումից օգտվող անձինք, ովքեր ունեն կադաստրի վկայական, կամ անձինք, ովքեր ունեն վարձակալած հողակտորներ, որոնք ձևակերպված են: Ծրագիրը նախապատվությունը տալիս է այն անձանց, ովքեր համարվում են աշխատաշուկայում անմրցունակ, ովքեր նպաստառու են, գրանցված են որպես գործազուրկ կամ ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ կամ հաշմանդամ` ընտանիքում: Շահառուները դիմում են մարզպետարաններին, որոնք էլ շահառուների անունը ներկայացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Գերատեսչությունն էլ ներկայացնում է զբաղվածության պետական գործակալությանը, որի մասնագետները հաշվառում են ծրագրին դիմողներին, ուսումնասիրում այդ մարդկանց հողակտորները և դրանց հետ կապված փաստաթղթերը: Կազմվում է պլան-ժամանակացույց՝ 6 ամիս տևողությամբ, և տրվում է 350 հազար դրամ, բայց ոչ՝ միանվագ: Նախատեսված ծրագրերը 3217-ն են:
Արտակ Մանգասարյանը նշեց, որ արդեն հաշվառվել է 4000-ից ավելի շահառու, անցյալ տարի կնքվել է 4 000-ից ավելի պայմանագիր, ավելի քան 6000 հոգի աշխատավարձ է ստացել: Ծրագիրը ներառում է բոլոր մարզերը, բացի Երևանից: