կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-02 12:32
Հասարակություն

Հայաստանում գործազուրկների և աշխատանք փնտրողների թիվն ավելացել է

Հայաստանում գործազուրկների և աշխատանք փնտրողների թիվն ավելացել է

Հայաստանում, ապրիլ ամսվա դրությամբ, աշխատանք փնտրողների թիվն ավելացել է, աճել է նաև հունվար-ապրիլ ամիսներին գրանցված գործազուրկների թիվը: Ազգային վիճակագրական կենտրոնի ներկայացրած տվյալների համաձայն` եթե 2016-ի ապրիլին աշխատանք փնտրողների թիվը եղել է 79 716 մարդ, ապա 2017-ի ապրիլին աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 15 702-ով:

Ի դեպ, ԱՎԾ-ն այս տվյալները վերցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունից,  այսինքն` միայն գրանցված մարդկանց թիվն է, ինչը նշանակում է, որ այն կարող է ավելի մեծ լինել:

Աշխատանք փնտրողների շրջանում կանանց թիվը գրեթե կրկնակի գերազանցում է տղամարդկանց թիվը, և եթե 2017-ի ապրիլին աշխատանք փնտրող տղամարդկանց թիվը եղել է 33 749, ապա կանանց թիվը` 61 669: Բացի այդ` աշխատանք փնտրողների գերակշիռ մասը /27 տոկոս/ 25-34 տարեկաններն են:

Եթե նայենք ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներն` ըստ մարզերի, ապա ստացվում է, որ աշխատանք փնտրողների թիվն ամենաշատը Շիրակի մարզում է /17 106 մարդ/, ամենաքիչը` Վայոց ձորում /2138 մարդ/:

Գործազուրկների թիվը, ինչպես նշեցինք, նույնպես ավելացել է, և եթե 2016-ի հունվար-ապրիլ ամիսներին գործազուրկ էր համարվում 79 268 մարդ, ապա այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին գործազուրկների թիվն ավելացել է 1317-ով` կազմելով 80 585 մարդ: