Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այսօր շուրջ 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնեց: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ հիմնադրամը բավական դրական աշխատանք է կատարում, և հարյուրավոր ուսանողներ կարողանում են կրթաթոշակ ստանալ:
Դիտարկմանը, թե հիմնադրամի` ուսանողներին փոխանցած գումարները պետական բյուջեի գումարներն են, և նախարարի կարծիքով` ինչքանո՞վ են ճիշտ միջնորդավորված, Մկրտչյանը պատասխանեց, որ ինքը պայմանավորվել է, որ ապրիլի առաջին տասնօրյակում հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում պետք է լինի, որին նաև ուսանողական խորհրդի նախագահները ներկա կլինեն, և տեղում կճշտեն բոլոր հարցերի պատասխանները:
«Մեր կրթական ազգային ծրագրի մեջ երիտասարդությունը բավական լուրջ դերակատարում ունի: Իսկ ինչ վերաբերում է ՀԵՀ-ին, ապա տարիներ առաջ, երբ ՀԿ-ն ձևավորվեց, մենք պայմանավորվեցինք, որ համալսարանները մասնաբաժին կլինեն: Նրանց աշխատանքը պետք է թափանցիկ լինի, ինչպես և կա»,- ասաց Մկրտչյանը:
Հարցին, թե հիմնադրամի ամբողջ կազմը, կառավարման խորհուրդը ՀՀԿ-ականներ են, այս պարագայում որքանո՞վ է հիմնավորված, որ բյուջեից ֆինանսներ են գնում կուսակցականացված կառույցի, նախարարը պատասխանեց, որ չի կարծում, թե կառույցն իր առջև կուսակցականացված որևէ խնդիր է դրել:
«Մենք պետք է հասկանանք Երիտասարդական հիմնադրամի դերակատարումը, դրա համար էլ հանդիպում ենք կազմակերպում: Այն, ինչ հիմա ՀԵՀ-ն է անում, շնորհակալ քայլ է, քանի որ հարյուրավոր ուսանողների են կրթաթոշակ տալիս: Չեմ կարծում, որ այս գործընթացը կարող է թափանցիկ չլինել, քանի որ երբ կուրսում մեկին տալիս ես անապահովության համար թոշակ, նա շարունակում է սովորել այդ կուրսում իր ուսանող ընկերների հետ»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` կրթությունն այն դաշտն է, որտեղ կուսակցությունները կարող են շատ օգտակար լինել, և եթե ամեն կուսակցության երիտասարդական թև կարողանա նպաստել ուսանողության սոցիալական վիճակի բարձրացմանը, լավ կլինի:
«Տեսեք` բյուջեն ինքն ուղիղ չի կարող տալ ուսանողին ինչ-որ գումար, բյուջեն պետք է տա ինչ-որ կառույցի, և ես կարծում եմ, որ ՀԿ-ի միջոցով բյուջեի տեղաբաշխումն ավելի ճիշտ է, քան բյուրոկրատական ապարատի միջոցով: Օրինակ` եթե փոխանցեն ԿԳՆ-ին, նախարարությունն էլ իր վարչությունների միջոցով փորձի տալ համալսարաններին, իմ կարծիքով, ոչ էֆեկտիվ կլինի, քան ՀԿ-ի դեպքում, որն ավելի թափանցիկ ու վերահսկելի է»,- ասաց նախարարը:
Ճշտմանը, թե հնարավո՞ր է, որ ՀԵՀ-ը դառնա անկուսակցական ՀԿ, Մկրտչյանը պատասխանեց, որ ճիշտ չի համարում, որ հիմնադրամներում ամբողջովին անկուսակցական մարդիկ լինեն, որովհետև, ի վերջո, քաղաքականության կրողները երիտասարդներն են, որոնք պետք է ունենան քաղաքական կողմնորոշումներ: «Քաղաքական կողմնորոշում ունեցող մարդն է, որ դառնում է ակտիվ քվեարկող: Դուք հստակ վիհ եք փորում` իշխանություն-ընդդիմություն, կուսակցական-քաղաքական կյանք, դրանք թշնամի կատեգորիաներ չեն, մեր երկրի արդյունքն են»,- ասաց նախարարը: