Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցեց Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցի շրջանավարտների Վերջին զանգի արարողությանը:
Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձավ այս օրերին դպրոցներում տեղի ունեցող հնարավոր դրամահավաքին` ևս մեկ անգամ հորդորելով զերծ մնալ ամեն տեսակ դրամահավաքներից:
«Կրկին կոչ ենք անում ավելի համեստ ու բովանդակալից նշել Վերջին զանգը: Մենք մեր հերթին զգուշացրել ենք տնօրեններին, որպեսզի բացառեն դրամահավաքը: Ծնողական կոմիտեներին զգուշացրել ենք հավաքել այն մինիմալ գումարը, որն անհրաժեշտ է երեխաների համար: Վերջին զանգի արարողությունը, ցավոք, դառնում է նույն գործընթացը, ինչ մեր` Ամանորի սեղանների մրցակցությունը»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է «Թրասնփարենսի ինթերնեյշնլ»-ի հրապարակած տվյալներին, որ ինչ-ինչ դպրոցներում, այնուամենայնիվ, դրամահավաք կա, Մկրտչյանը նշեց, որ իրենք, խնդրի հետ կապված, արդեն հատուկ հանձնաժողով են ստեղծել, և հարցը քննարկվել է: «Այդ դպրոցներից մեկի երեխաները` 300-400 հոգի, եկել էին նախարարություն` ասելով, որ տնօրինությունը կապ չունի դրամահավաքի հետ»,- ասաց նա:
Հարցին` բացառո՞ւմ եք, որ այդ բողոքը կարող է ուղղորդված լինել հենց ուսուցչական կոլեկտիվների կողմից,` նախարարը պատասխանեց, որ չի բացառում, քանի որ այդ ժամանակ Թեժ գծին առաջին անգամ սկսեցին հայտնվել զանգեր, և մարդիկ ասում էին` «թողեք` երեխաները հանգիստ Վերջին զանգ նշեն, ինչո՞ւ եք խանգարում ու հարամում»:
«Ես մի համոզմունք ունեմ, որ, պատժելով, մտրակ վերցնելով ու հետո` զեկուցելով, թե` սա ենք արել, հարցը չի լուծվում: Մենք պետք է վերանայենք դպրոցների խորհուրդների աշխատանքը: Դրանք, ըստ էության, հավաքվում են կա'մ տնօրեն ընտրելու, կա'մ էլ ձևական բյուջե հաստատելու համար: Խորհուրդը պետք է անընդհատ պատասխանատու լինի դպրոցի որակի համար: Շատ բան կենտրոնացնել նախարարության ձեռքում` նույնպես ճիշտ չէ, մենք պետք է նաև վստահենք ուսումնական հաստատություններին: Համալսարանական, դպրոցական ինքնավարությունը բարձրացնելու ճանապարհով է հնարավոր մի շարք խնդիրներ լուծել»,- ասաց Մկրտչյանը: