կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-21 12:37
Հասարակություն

Ցանկացած` զարգացման միտում ունեցող ծրագիր չպետք է խոչընդոտվի օրենքով. Լևոն Մկրտչյան

Ցանկացած` զարգացման միտում ունեցող ծրագիր չպետք է խոչընդոտվի օրենքով. Լևոն Մկրտչյան

ԱԺ-ում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ են կազմակերպվել: Հիմնական զեկուցող` կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ սա դոգմատիկ փաստաթուղթ չէ, որը չի կարող փոփոխությունների ենթարկվել, անթերի չէ, բայց եթե օրենքն անցնի, դրանից հետո ևս, կյանքի լույսի ու քննության ներքո, այն կարող է ենթարկվել տարբեր մեթոդոլոգիաների ու փոփոխությունների:

Նախարարը նաև նշեց, որ բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումներով չեն ցանկանում համոզել հասարակությանը, որ կրթական համակարգում առկա բոլոր խնդիրները լուծվելու են, սակայն, ըստ նրա, անհրաժեշտություն է նման նախագիծ ունենալը: Նա համոզմունք հայտնեց, որ ցանկացած` զարգացման միտում ունեցող ծրագիր չպետք է խոչընդոտվի օրենքով:

«Բարձրագույն կրթության որակն առանձնահատուկ է, մենք ունենք հասարակության 51 տոկոս ներգրավվածություն  բարձրագույն կրթության ոլորտում, և եթե հաշվի առնենք բարձրագույն կրթական ռեսուրսները, կարող ենք ասել, որ մեր բարձրագույն կրթական համակարգն ամբողջ տարվա ընթացքում ստանում է այնքան ֆինանսավորում, որքան ամերիկյան առաջնահերթ համալսարաններից մեկի ֆակուլտետը, բայց այս պարագայում էլ մեր կրթական համակարգը կարողանում է կատարել իր առջև դրված պահանջները: Պետք է հնարավորինս ճկունություն ապահովել համակարգի համար, որովհետև չգիտենք, թե աշխարհում մի քանի տարի հետո ինչ հիմնական մարտահրավերներ են լինելու, այսինքն՝ օրենքը պետք է դիտարկենք մինչև 2030 թվականի համար»,- բացատրեց նախարարը:

Մկրտչյանը հայտնեց, որ օրենքի շուրջ քննարկումներն արդեն 2-3 տարի ընթանում են: «Ունենք շատ վտանգավոր իրավիճակ մեր մասնագիտական կրթության և գիտության դաշտում: Ինստիտուցիոնալ հաստատությունների և դրանց ներկայացվածության ու բաշխման խնդիրը ՀՀ-ում լուրջ է: Ուսանողների ներգրավվածությունը համակարգում միջազգային որևէ քննադատության չի դիմանում: Ունենք նաև որակի հարց. մենք մեր երկրում կարողացել ենք անցնել Բոլոնիայի գործընթացի բոլոր ձևերը: Մեր կրեդիտային համակարգը ճանաչելի է, ընդունելի է, բայց որակի խնդիր ունենք»,- ասաց նա ու հավելեց, որ հիմնական խնդիրն այն է, թե որքան է կապված կրթության համակարգը աշխատաշուկայի հետ:

Ըստ Մկրտչյանի՝ նախագծով` որոշ մասնագիտությունների առկայությունը հարցականի տակ կարող է դրվել, որովհետև դրանք 4-5 տարի հետո կարող են գոյություն չունենալ:

Նախարարը նշեց, որ փաստաթուղթը միջազգային փորձաքննություն է անցել, Համաշխարհային բանկն էլ ոչ հայաստանյան քվոտաներից դրամաշնորհ է տրամադրել, որպեսզի աշխարհի լավագույն փորձագետներն աշխատեն օրենքի նախագծի մշակման վրա:

«Այսօր մեզ հետ նրանք մշակում են համալսարանական բարեփոխումների քարտեզը, որոնք պետք է իրականացնենք երեք տարվա ընթացքում: Օրենքի կարևոր մասերից մեկն այն է, որ կրթական համակարգը 3 տարվա անցումային շրջան է ապրելու, որն անհրաժեշտ է, որպեսզի համակարգում լուրջ բարեփոխումներ կատարվեն»,- նշեց նախարարը:

Ոլորտում եղած մի շարք խնդիրների կողքին նա առանձնացրեց նաև շուկայի թելադրանքին չհամապատասխանելը՝ նշելով, որ մասնագիտական կրթությունը միայն շուկայի թելադրանքին հետևելու իրավունք չունի: «Եթե մենք, օրինակ, բնագիտության նկատմամբ բարձր որակ կարողանանք ապահովել, դա կնպաստի ՀՀ-ում ամբողջությամբ նոր շուկաների ձևավորմանը»,- ասաց Մկրտչյանը, ապա հավելեց, որ ՀՀ-ում սովորողների 70 տոկոսը հումանիտար ոլորտն են նախընտրում: