կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-17 12:40
Քաղաքական

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն առաջարկել են ԸՕ նախագծի քննարկումներն ավելի ակտիվացնել. ՀՀԿ-ական

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն առաջարկել են ԸՕ նախագծի քննարկումներն ավելի ակտիվացնել. ՀՀԿ-ական

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով` Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում իրենք բարձրաձայնել են Ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած այն բոլոր դրույթները, որոնք մտահոգիչ են: Yerkir.am-ի հարցին, թե հատկապես ո՞ր դրութների մասին է խոսքը, նա պատասխանեց. «Քննարկվել են հիմնականում այն մտահոգությունները, որոնք տարբեր քաղաքական ուժերն են ներկայացրել` նախագծի հետ կապված: Վենետիկի հանձնաժողովը հիմնականում լսել և որոշակի բացատրություններ է ներկայացրել: Քննարկվող հարցերի թվում եղել են ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից բարձրացված այն առաջարկությունները, որոնց հիմնականում ծանոթ եք. խոսքը վերաբերում է հիմնականում ցուցակների հրապարակմանը, ցուցակների մաքրմանը, էլեկտրոնային քվեարկությանը, ինչպես նաև լուսանկարահանման և տեսանկարահանման խնդիրներին, վստահված անձանց հետ կապված խնդիրներին և այլն»:

Պատգամավորը հավելեց, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները մեծ ուշադրությամբ լսել են այդ բոլոր առաջարկները և հետագայում արդեն կներկայացնեն իրենց կարծիքը:

Ըստ Մելիքյանի`քննարկումներն իսկապես եղել են բավականին լուրջ, և մտահոգող բոլոր հարցերը բարձրացվել են հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից:

«Հանձնաժողովը նույնպես որոշակի առաջարկություններ հնչեցրել է` կապված քննարկումների ժամանակի հետ: Ըստ նրանց`պետք է քննարկումներն ավելի ակտիվացվեն: Մենք էլ ենք ցանկանում, որ առաջիկայում ակտիվ քննարկումներ լինեն, որոնց ընթացքում մենք կլսենք բոլոր առաջարկությունները, կքննարկենք այն առաջարկները, որոնք ավելի իրատեսական են, կառուցողական և հնարավորություն կտան մեզ բարձրացնել ընտրական գործընթացի վստահությունը»,- նշեց ՀՀԿ-ականը:

Նրա խոսքով` ՀՀԿ-ի ներսում ևս լուրջ, բուռն ու ակտիվ քննարկումներ են ընթանում: «Առաջարկները բավականին շատ են, և առաջիկայում մենք կհնչեցնենք դրանք: Ընդհանուր քննարկումներ են լինում, և կարծում եմ, որ առաջարկների մեծ մասը տեղ կգտնի նախագծում»,- ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով`ընտրացուցակների հրապարակումն իսկապես հակասում է Սահմանադրությանը, և աշխարհում, բացի Մեծ Բրիտանիայից, այլ երկիր չկա, որը հրապարակում է ընտրացուցակները քվեարկությունից հետո:

«Ոչ միայն հակասահմանադրական է դա, այլև կարող է ի չարս օգտագործվել, կարող են ճնշումներ գործադրվել քվեարկության մասնակիցների և քվեարկությանը չմասնակցողների վրա»,- ասաց Մելիքյանը և հավելեց, որ իրենք Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել են նաև լրատվամիջոցների և դիտորդների սահմանափակման հարցը. «Հնչող առաջարկների մեջ, կարծում եմ, կլինեն ավելի ռացիոնալ կետեր, և այդ դրույթում փոփոխություններ անպայման կարձանագրվեն»:

Անդրադառնալով այն տեսակետին, թե ռեյտինգային տարբերակը նույնացվում է մեծամասնական ընտրակարգի հետ, Մելիքյանն ասաց, որ մենք չունենք համամասնականի ռեյտինգային տարբերակ, մենք ունենք բաց ցուցակներով համամասնական ընտրակարգ` համապետական ցուցակներով և տարածքային ընտրացուցակներով:

«Մենք վարկանիշային քվեարկություն իրականում չենք իրականացնում: Վարկանիշային քվեարկության դեպքում ցուցակներում ընդգրկված թեկնածություները պետք է հերթականությամբ քվեարկվեն»,- ասաց նա: