կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 15:34
Քաղաքական

Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ վերջնական գնահատականը կտա հոկտեմբերին

Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ վերջնական գնահատականը կտա հոկտեմբերին

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վենետիկի հանձնաժողովի անդամներին հարց ուղղեցին` արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովը չի օրինականացնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը` ասելով, որ, սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված, իրենք ոչ մի հակասություններ չունեն սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ:

Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գարբենվարտերը նշեց, որ իրենք չեն օրինականացնում որևէ քաղաքական շարժում կամ որևէ գործընթաց, օրինականացնում են այնքանով, որքանով իրենց կարծիքը կարող է արտացոլվել որևէ տեքստում, դա քաղաքական բանավեճի մաս է:

«Վենետիկի հանձնաժողովը որպես գործիքակազմ կարելի է օգտագործել, բայց մենք չենք պատրաստվում գաղտնի սակարկությունների մաս կազմել»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովը որևէ երկրի սահմանադրական փոփոխության նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել, Քրիստոֆ Գարբերվարտերը պատասխանեց. «Այս տարի Վենետիկի հանձնաժողովը բացասական կարծիք էր ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ղրղզստանում, Հունգարիայում, Լիխտենշտեյնում»: Ղրղզստանում քաղաքական կուսակցությունները, որոնք նախաձեռնել էին սահմանադրական փոփոխությունները, հետ կանչեցին այն, որովհետև, ըստ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչի, ոչ ժողովրդավարական առաջարկներ են եղել:

Վենետիկի հանձնաժողովը, սովորաբար, հստակ նշում է, որ այս փոփոխության ցանկությունն այդ երկրի քաղաքացիական հասարակության ցանկությունն է, ուստի քաղաքական ուժերը պետք է կազմակերպեն հանդիպում հասարակության հետ: «Եթե ցանկանում եք հանրաքվե անցկացնլ, ապա պետք է լինեն քննարկումներ, հանդիպումներ: Եթե դրանք տեղի չեն ունենում, դա ժողովրդավարական պրոցես չէ»,- ասաց փորձագետը:

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ Սահմանադրությունը երբևէ լիարժեք երաշխիքներ չի կարող տալ` թերություններից խուսափելու համար, թեև կարող է նպաստել այդ թերությունների վերացմանը: «Գործընթացը միտված է թերությունները նվազեցնելուն, ոչ թե կատարելություն ստանալուն, հետեւաբար` երաշխիքներ տրվել չեն կարող»,- ասաց նա:

Լրագրողների այն հարցին` հնարավո՞ր է ասել, թե Հայաստանում ինչ մակարդակի վրա է ժողովրդավարությունը, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը պատասխանեց. «Հայտնի ասացվածք կա, որ իրավաբանները հաշվել չգիտեն: Ուստի նման հաշվիչ չկա մեր գրպանում, որ թվերով արտահայտենք: Մի բան հստակ է, որ այս նախագիծը չի խոչընդոտում ժողովրդավարությանը»:

Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունների նախագծի նախավերջին գնահատումը կարվի սեպտեմբերի վերջին, իսկ վերջին գնահատականը կտրվի հանձնաժողովի` հոկտեմբերի 26-28-ի նիստում: