կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 18:33
Առանց Կատեգորիա

Ո՞ւմ վրա է հույսը դրել Վարդան Օսկանյանը

Ո՞ւմ վրա է հույսը դրել Վարդան Օսկանյանը

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ նախկին փոխնախագահ Վարդան Օսկանյանը վերջապես հաստատեց, որ նոր կուսակցություն է ստեղծում։ Օսկանյանի այս նախաձեռնությունը, սակայն, այնպիսի աժիոտաժ է առաջացրել, կարծես սա նախկին իշխանության ներկայացուցչի կողմից կուսակցություն ստեղծելու առաջին «հանցավոր» փորձն էր, կամ էլ Օսկանյանն ինչ-որ արտառոց, քաղաքական նոր վերադասավորումների տեղիք տվող, վայրիվերումների հանգեցնող քայլ է կատարում։ Մինչդեռ` սա ընդամենը նախաձեռնություն է, որը լիովին տեղավորվում է նախընտրական զարգացումների տրամաբանության մեջ, և որի իրական նպատակը ծառուկյանական ԲՀԿ-ի փլուզումից հետո մնացած բաց տարածքը զբաղեցնելն է։

Կուսակցության ստեղծման նպատակահարմարության հարցը երկու մակարդակ ունի։ Առաջինը Օսկանյանի անհատական հավակնություններն են կամ քաղաքական դերակատարում ստանձնելու ձգտումը, որը թվում է միանգամայն օրինաչափ։ Ո\'չ «միայնակ գայլի» կարգավիճակով, ո\'չ էլ ներկայիս ԲՀԿ-ի ձևաչափով Օսկանյանը չուներ քաղաքականության մեջ ինքնաիրացման հնարավորություն։ Որևէ քաղաքական նախաձեռնությամբ հանդես չգալը հավասարազոր էր վերջնական մարգինալացման, և Օսկանյանը փորձում է առաջին հերթին խուսափել հենց դրանից։

Անկախ նրա քաղաքական հայացքների հետ համաձայն լինել-չլինելուց, անկախ մարտիմեկյան իրադարձություններում նրա դերակատարության վերաբերյալ առկա ոչ միանշանակ ընկալումներից` փաստ է, որ Օսկանյանը մաքուր քաղաքական գործիչ է, ինտելեկտուալ է, ունի արտաքին քաղաքականության ոլորտում կուտակած հսկայական փորձառություն, կայուն աշխարհայացք։ Նման որակներ ունեցող անհատների կարիքը հայաստանյան քաղաքական համակարգն իսկապես ունի։ Իսկ եթե զուտ նախկին իշխանության առանցքային դեմքերից մեկը լինելու հանգամանքը բավարար է Օսկանյանին կուսակցություն ստեղծելու բարոյական իրավունքից զրկելու համար, ապա նույնքան պարասվելի պետք է լինեին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը, նախկին ՀՀՇ-ի տարատեսակ մետամորֆոզները ներկայիս քաղաքական դաշտում։

Օսկանյանի դեմ սկսված արշավը կառուցվում է  մարտիմեկյան ողբերգության մեջ նրա  դերակատարության շահարկման վրա։ Դա, սակայն, ոչ այլ ինչ է, եթե ոչ Մարտի 1-ի ամբողջ պատասխանատվությունը նախկին արտգործնախարարի վրա դնելու, նրան քավության նոխազ դարձնելու փորձ, որն իրականում մակերեսայնացնում է այդ ողբերգությունը և լղոզում դրա համար օդում կախված մնացած պատասխանատվության խնդիրը։ Հարց է առաջանում՝ եթե մարտիմեկյան ողբերգության պատասխանատուն Օսկանյանն է, և դա աններելի է, ապա ինչո՞ւ այդ հանգամանքը չէր խանգարում, երբ ներկայիս արմատական ընդդիմադիր ուժերից շատերը ոչ միայն հաճույքով բանակցում էին Օսկանյանի հետ` իբրև ԲՀԿ-ի փոխնախագահի, այլև սերտորեն համագործակցում։

Այլ հարց է, թե Օսկանյանի կողմից կուսակցության ստեղծումն ինչ է տալիս կամ տալու քաղաքական համակարգին, հասարակությանը, և ինչպիսի կոնֆիգուրացիաների կարող է հանգեցնել նրա նախաձեռնությունը։ Սա կուսակցության ստեղծման նպատակահարմարության հարցի երկրորդ և շատ ավելի կարևոր մակարդակն է։ Խնդիրն այն է, որ Օսկանյանը, չունենալով խարիզմա, փաստացի ստեղծում է հայաստանյան հերթական մարդ-կուսակցություններից մեկը, որի կապիտալը ոչ թե քաղաքական գաղափարախոսությունն է, այլ, որոշակի իմաստով, ռևանշիստական նկրտումները։ Խիստ անորոշ է, թե մարդկային ի՞նչ ռեսուրսի վրա է նա կառուցելու իր կուսակցությունը։ Օսկանյանն ընկալվում է որպես այն քաղաքական համակարգի ներկայացուցիչը, որը գործող իշխանության գենետիկ, կամ կենսաբանական «հայրն» է, որքան էլ հոր և որդու հարաբերությունները հիմա նորմալ չեն։ Այդ կաղապարից Օսկանյանը դուրս գալ չի կարող։ Դա անելու համար նա ի սկզբանե պետք է ոչ թե քաղաքական կարիերան շարունակելու համար ընտրեր ԲՀԿ-ն, որի հետ արժեքային ու աշխարհայացքային որևէ ընդհանուր բան չուներ, և որը նախկին նախագահի հենարանն էր, այլ քաղաքական արենայում փորձեր ինքնադրսևորվել թե\' նախկին և թե\' ներկայիս իշխանությունների առաջարկածից տարբերվող մոտեցումներով, ծրագրերով, քաղաքական ուղեգծով։ Բայց Օսկանյանը չգնաց այդ ճանապարհով։ Նրա առաջարկած այլընտրանքը կարող է լինել ոչ այնքան լավ մոռացված նախկինը։ Սա նշանակում է, որ  Օսկանյանն իր կուսակցության բրենդավորման նյութ է դարձնելու նախորդ իշխանության ձեռքբերումների և առավելությունների ընդգծումը՝ որպես գործող համակարգի այլընտրանք, նույնիսկ եթե հաշվի չառնենք նախորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա հնարավոր առնչությունների, վերջինիս համար դեպի ակտիվ քաղաքականություն նոր ցատկահարթակ ծառայելու հնարավոր գործոնը։

Թե՛ իրեն սպառած մեթոդաբանությամբ կուսակցություն ստեղծելու, թե՛ նոր բան առաջարկելու փոխարեն նախկին համակարգը գործողին այլընտրանք դարձնելու մղումներն ի սկզբանե խոցելի են դարձնում Օսկանյանի դիրքերը։ Նա խնդիր է ունենալու իր կուսակցության կենսունակությունն ապացուցելու հարցում նույնիսկ ոչ թե գործող իշխանության, այլ հրապարակ իջնող և ընդդիմադիր դաշտում հանգրվանող նոր քաղաքական միավորների, կուսակցությունների հետ մրցակցության մեջ։ Դժվար է պատկերացնել, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում, այսինքն` մինչև 2017թ․ ընտրությունները, Օսկանյանին կհաջողվի հաղթել այդ մրցակցությունում և համոզել իր ինքնուրույնության, իրական համակարգային փոփոխություններ իրականացնելու կարողության մեջ։ Օսկանյանը ոչ թե սպասվող քաղաքական կոնֆիգուրացիաները գծագրողներից մեկի դերում է հանդես գալու, այլ այդ նոր կոնֆիգուրացիաներին հարմարվողի։ Նրա պոտենցիալ հենարանը, գոնե նախնական շրջանում, ծառուկյանական ԲՀԿ-ի անգլուխ մնացած «մնացորդներն»  են, որոնք, ինչպես նախկինում, համախմբման առանցքի դերում շարունակում են տեսնել բացառապես անձի։ Նախկինում դա Ծառուկյանն էր, հիմա փորձելու է լինել Օսկանյանը` այն  տարբերությամբ, որ Ծառուկյանը ժողովրդականություն ուներ, Օսկանյանը՝ ոչ։

Չի բացառվում, որ նախկին արտգործնախարարը նաև խաղադրույք է կատարում իշխանական կոնյունկտուրայի այն հատվածի վրա, որ գուցե դժգոհ է սերժսարգսյանական ներկայիս իշխանավարումից և կարոտով է հիշում այն ներհամակարգային կարգուկանոնը, որը քոչարյանական մոնոլիտ իշխանության ամենակարևոր բնութագրիչներն էր, և որը ստեղծել էր իշխանության ռեսուրսներից օգտվելու՝ իրենց համար քիչ, թե շատ «արդար» հնարավորություններ։ Նման հատված իշխանությունում կարող է լինել։ Բայց որպեսզի այն դառնա գործոն, նախ պետք է, ի դեմս Օսկանյանի, տեսնի նախկին երանելի կարգերը վերադարձնելու ունակ ֆիգուրի։ Ծառուկյանի անփառունակ հեռացումից հետո նման ֆիգուրի ի հայտ գալու հանդեպ հավատ չկա։ Եվ այդ հատվածը, թերևս, կնախընտրի «շառից, փորձանքից հեռու» հարմարվել ներկայիս պայմաններին։ Մինչդեռ Օսկանյանը սպասելու ժամանակ չունի։ Առանց այն էլ նա չափից դուրս ուշ է մեկնարկել։

Գևորգ Դարբինյան