կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-27 13:44
Քաղաքական

Հուսով եմ` ոչ ոք հույսը չի դրել ՄԽ միջնորդների վրա. Կիրո Մանոյան

Հուսով եմ` ոչ ոք հույսը չի դրել ՄԽ միջնորդների վրա. Կիրո Մանոյան

ՄԽ համանախագահները, դժբախտաբար, ճիշտ որակում չեն տալիս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող` Ադրբեջանի սադրիչ դիվերսիոն գործողություններին և, ինչ-որ տեղ խրախուսելով, մեծացնում են ապակայունացման վտանգը տարածաշրջանում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՄԽ համանախագահների հայտարարության մասին:

 

«ԼՂ բանակցություններն այս ձևով հեռուն չեն կարող գնալ: Վաղուց ժամանակն է, որ ԼՂ-ն, որպես լիիրավ կողմ, մասնակցի բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր այդ վարքագծով չի կարող երկար գործել»,- ասաց նա:

 

Հարցին, թե ի՞նչ տվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ իրեն էլ հասկանալի չէ, թե ինչ է տվել այդ հանդիպումը, բայց եթե Ադրբեջանը շարունակելու է իր ապակայունացնող քաղաքականությունը, ապա Հայաստանի իշխանությունները պետք է հստակ ձևով հակազդեն:

 

Ըստ նրա` շատ կարևոր է, որ Հայաստանը միջազգային հանրությանը ցույց տա, որ ՄԽ համանախագահների չակերտավոր հավասարակշիռ վերաբերմունքը կողմերի նկատմամբ պարզապես անընդունելի է, որ միջնորդներն էլ հասկանան, որ պետք է օբյեկտիվ գնահատական տան Ադրբեջանի կեցվածքին, այլապես նման «հավասարակշիռ» վերաբերմունքով մեղսակից են դառնում Ադրբեջանի սադրանքների քաղաքականությանը:

 

«Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները լրջորեն կհակազդեն ՄԽ համանախագահների հայտարարությանն ու Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը, որովհետև Հայաստանի իշխանությունները միշտ ուզում են դրական հասկացվել ու ընդունվել Արևմուտքի կողմից: Ալիևը հայտարարում է, որ հայկական հողերը Ադրբեջանի պատմական հողերն են ու մի օր վերադարձնելու են իրենց հողերը, դա անթույլատրելի է, և Հայաստանի դիվանագիտությունը բավարար և լուրջ հակազդեցություն ցույց չի տալիս»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ միայն բանակցություններով չէ, որ ԼՂ հարցում պետք է առաջընթաց լինի:

 

Կիրո Մանոյանի խոսքով` Հայաստանի դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական, Հայաստանի պետությունը ոչ թե պետք է բավարարվի միայն բանակցային գործընթացով, այլ պետք է քայլեր ձեռնարկի ԼՂ միջազգային ճանաչման ուղղությամբ, որի արդյունքում միջազգային հանրությունը կպարտադրի Ադրբեջանին` հաշտվել իրականության հետ: 

 

«Հուսով եմ, որ ոչ ոք հույսը չի դրել ՄԽ միջնորդների վրա: Մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա: Այո, պատերազմի վերսկսման հավանականությունը նվազեցնում է ՄԽ գործունեությունը, բայց, մյուս կողմից, ՄԽ համանախագահների հայտարարություններն ավելի վնասում են կարգավորման գործընթացին ու ասես խրախուսում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Նրանք պետք է հասկանան, որ, անկախ այն բանից` Ադրբեջանն ուզում է պատերազմ, թե` ոչ, պետք է հստակ գնահատական տրվի Ադրբեջանի ապակայունացնող գործողություններին»,- ասաց Կիրո Մանոյանը: