|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Վարդանյանին: Համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Հրայր Անտոնյանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ, կառուցողական և հաջողված, ինչն արտացոլված է Արաբկիրում արձանագրված բազմաթիվ ձեռքբերումներում:
Կարևորելով քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական աշխատանքը` Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավար Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի շարունակականության ապահովում:
«Վարչական շրջանի առջև դրված խնդիրներն անցած չորս տարիների ընթացքում ստացել են համապատասխան լուծումներ, ինչը թիմային կազմակերպված աշխատանքի արդյունք է: Մենք ունենք Երևան քաղաքի զարգացման հստակ ծրագիր, որի ապահովման գործում մեծ է վարչական շրջանների դերը: Մեզ համար այսօր կարևոր է նաև բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը, ըստ այդմ ձեզանից ակնկալում եմ հետևողական աշխատանք, նաև բնակիչների հետ ձևավորված մշտական կապի էլ ավելի սերտացում: Առկա խնդիրների լուծման հարցում պետք է համատեղենք մեր ուժերը և շարունակենք նախանշված բոլոր ծրագրերի իրականացումը»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն