Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել հենց վարչական շրջանի շենքի դիմաց։ Ըստ բողոքող աշխատակիցների, եռամսյակը մեկ տրվող պարգեւավճարներն այս անգամ իրենց բաժին չի հասել։ Փոխարենը, վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ստացել է 150 տոկոսի չափով պարգեւավճար։ Ինչեւէ, ակցիայի մասնակիցները վարչական շրջանի նիստերի դահլիճում հանդիպեցին վարչական շրջանի ղեկավարի հետ, սակայն կարճ ժամանակ անց դուրս եկան վրդովված` չմեկնաբանելով, թե ինչ են քննարկել եւ ինչ խոսակցություն է ծավալվել ներսում։ Փոխարենը միայն «ռեպլիկի» կարգով նետեցին․«Էս հարցը սենց չենք թողելու, քաղաքապետարան ենք գնալու․․․»։
Մի քանի րոպե նիստերի դահլիճում մնալուց հետո` վարչական շրջանի ղեկավարը դուրս եկավ ու հիմնավորեց, թե աշխատակիցների հետ հանդիպումը կարճ տեւեց`երկրում համաճարակային իրավիճակով պայմանավորված։ Բայց խոստացավ, որ բացօթյա կամ մեկ այլ ընդարձակ տարածքում դեռ կզրուցի իր դեմ բողոքող աշխատակիցների հետ։
Անդրադառնալով որոշ աշխատակիցների պարգեւավճարներին եւ իր 150 տոկոսի չափով ստացած պարգեւավճարին` շեշտեց․«Թաղապետի պարգեւավճարը թաղապետը չի նշանակում, այլ նրա վերադասը՝ գնահատելով արված աշխատանքները։ Իսկ աշխատակիցներից շատերը պարգեւավճար չեն ստացել, բայց արտակարգ դրության պայմաններում, շատ հաճախ աշխատանքի չգալով, տանից աշխատելով, բոլորն անխտիր ստացել են իրենց աշխատավարձերը՝ հարյուր տոկոսի չափով»։
Ի դեպ, Yerkir.am-ի հետ մասնավոր զրույցում Արաբկիր վարչական շրջանի բնակիչները, որոնք հետագա անախորժություններից խուսափելով չցանկացան ներկայանալ, պնդում էին, որ վարչական շրջանի ղեկավարը, նշանակվելով ղեկավար պաշտոնում` իր բարեկամներին ու ընկերներին է ընդունել աշխատանքի։ Ըստ բնակիչների․ «Վարչական շրջանի երկու տեղակալներ Արսեն Ղևոնդյանը եւ Դավիթ Բալասանյանը Արամ Դանիելյանի հետ մի շենքում են բնակվում՝ կողք-կողքի հարեւաններ են»։
Հավելենք, որ Արսեն Ղևոնդյանը, որպես Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ համակարգում է կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի կազմակերպման և քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում իրականացվող աշխատանքները: Իսկ Դավիթ Բալասանյանը՝ համակարգում է եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի, սպասարկումների և գովազդի, ֆինանսական և կրթության, մշակույթի և սպորտի բանգավառներում իրականացվող աշխատանքները:
Արաբկիրցիների փոխանցմամբ` վարչական շրջանում աշխատանքի են անցել նաեւ Ա․ Դանիելյանի հեռավոր ազգականները․«Վարչական շրջանի ղեկավարի հեռավոր ազգականը, որը մորաքրոջ տղա է գալիս, Էջմիածնի չգիտեմ որ գյուղից եկել,աշխատում է Արաբկիր վարաչական շրջանի կանաչապատման պետ։ Իսկ մյուս հեռավոր ազգականը, որը իրեն հորաքրոջ աղջիկ է գալիս, ընդունել է` որպես քարտուղարուհի։ Իր մտերիմ ընկերներին բերել ու առեւտրի բաժնում է տեղավորել աշխատանքի, նրանք էլ շրջանում ամեն օր պտտվում ու ապօրինի գումարներ են հավաքագրում»,- պնդում են Արաբկիրի բնակիչներն ու նաեւ հավելում, որ Արամ Դանիելյանի աներձագը նույնպես աշխատում է վարչական շրջանի աշխատակազմում։ Թեպետ, աներձագը սկզբում վարորդ է աշխատել, հետո Դանիելյանը, որպես «օրինավոր փեսա», աներձագի պաշտոնը փորձել է բարձրացնել՝ նրան նշանակելով առեւտրի բաժնի տեսուչի հաստիքում, որպես պաշտոնականատար։
Այսօրվա ճեպազրույցի ընթացքում Yerkir.am-ը Արամ Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ իր բարեկամներին, հարեւաններին ու ընկերներին է վարչական շրջանում տեղավորել աշխատանքի, եւ ըստ էության, նրանք էլ ստացել են բարձր պարգեւավճարներ։ Դանիելյանը հարցը որակելով թյուր ինֆորմացիա` ասաց․«Գրեթե 160 աշխատակիցունեցող հիմնարկությունում, եթե, օրինակ, մեկ, սովորական, շարքային աշխատակիցն իմ բարեկամն է,ինչը օրենքը չի արգելում, ես դրանում վատ բան չեմ տեսնում, մնացածն արդեն հերյուրանք է, կամ՝ բամբասանք»։
Սակայն, երբ Դանիելյանին տեղեկացրեցինք, որ խոսքը մոտ տասը աշխատակցի մասին է` մասնավորապես հիշատակվում է իր աներձագի, հորաքրոջ աղջկա եւ այլ բարեկամների ու ընկերների անուններ, վերջինս բացառեց․«Ես հորաքրոջ աղջիկ չունեմ այստեղ, բայց մեր աշխատակիցները, եթե ինձ ընկալում են իբրեւ հորաքրոջ որդի` միայն ուրախ եմ դրա համար, որ մարդիկ փորձում են իմ հանդեպ սերտ ընկալումներ ունենալ, քան՝ իբրեւ վերադաս»,- ապա անդրադառնալով աներձագին՝ չհերքեց․«Այո, իմ աներձագն աշխատում է առեւտրի բաժնի տեսուչի հաստիքում, որպես ժամանակավոր պաշտոնակատար, որը իրենից ենթադրում է մրցույթ եւ որին ինչպես նա, այնպես էլ ցանկացած այլ քաղաքացի, կարողէ մասնակցել եւ բարձր արդյունքներ գրանցելով`նշանակվել այդ հաստիքին»։
Մեզ հետ մասնավոր զրույցում բնակիչները վարչական շրջանի ղեկավարի մի քանի այլ արկածներից էլ պատմեցին մասնավորապես շեշտելով, որ վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում Դանիելյանը 20-ից ավելի անձնական վարորդ է ընդունել․«Նրանք բոլորն էլ եկել են, բայց մի քանի ժամ հետո չեն դիմացել, բանալիները գցել են սեղանին ու դուրս են եկել աշխատանքից․․․»,- ասում են բնակիչներն ու հավաստիացնում, որ Դանիելյանի հետ անգամ մյուս վարչական շրջանների ղեկավարները չեն շփվում։
Բնակիչների համար ամենացավոտը վարչական շրջանի վիճակն է, վերջիններս ցավով արձանագրում են, որ Արաբկիրը երբեք այսքան անմխիթար ու չորացած չիեղել․«Վարչական շրջանի կանաչապատման համար նախատեսված 230 միլիոն դրամը Դանիելյանի գյուղացի բարեկամները փոշիացրել են։ Ոչ մի կանաչապատում չի իրականացվում համայնքում, բուսականությունը չորացել է։ Իսկ այս համավարակի շրջանում ոչ մի սանիտարական աշխատանքներ չեն կատարվել, ոչ մի շենք, մուտք չի ախտահանվել։ Ոչ մի օր, որպես վարչական շրջանի ղեկավար, դուրս չի եկել համայնքում ման գա, որ տեսնի խնդիրները, անմշակ, կեղտոտ մայթերը, փողոցներն ու այգիները։ Փոխարենը, կանաչապատման վարչության պատասխանատուն` իր բարեկամը, արդեն 10 մլն դրամանոց ավտո է քշում, բրենդային հագուստներ է հագնում։ Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի իր բարեկամներին աշխատանքի ընդունելուց հետո` նրանք այսօր Կոմիտասի սկզբում թանկանոց տներ են վարձակալել ու իրենց կյանքն են վայելում` թքած ունենալով համայնքի խնդիրների վրա։ Մի խոսքով, անդուր մթնոլորտ է տիրում վարչական շրջանում»։
Բնակիչները նաեւ մի ուշագրավ տեղեկատվություն էլ փոխանցեցին․«Դանիելյանը աշխատեցնում էր «Սասնա տուն» կոչվող օբյեկտը, բայց երբ վերջերս բացահայտվեց, շատ արագ փակեց ու մինչեւ հիմա վարձով է տալիս, բա սա կոռուպցիա չի՞»,- եզրափակեցին բնակիչները` պնդելով․«Մենք չենք ուզում, որ ինքը մեր վարչական շրջանի ղեկավարը լինի․․․»։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի այսօրվա կայացած ճեպազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում․