կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 15:15
Հասարակություն

Մայրական հիմնական ներուժը Հայաստանում նվազում է, երեխաների թիվը 2 անգամ կնվազի

Մայրական հիմնական ներուժը Հայաստանում նվազում է, երեխաների թիվը 2 անգամ կնվազի

Այսօր լսումներ էին  կազմակերպվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման` 2016-2018 թվականների ազգային ծրագրի և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանության տալու մասին թեմայով: Լսումներին ներկա էր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով իր ելույթում կարծիք հայտնեց, թե ծնելիությունը շատ երկրներից ավելի բարձր մակարդակի վրա է, անգամ՝ զարգացած երկրներից, որոնք հիմա պայքարում են դեպոպուլյացիայի դեմ: Նախարարը մանրամասնեց, որ խոսքը գնում է այն երկրների մասին, որտեղ մահացության ու ծնելիության տարբերությունը բացասական է:

«ՀՀ-ում այդ ցուցանիշը դրական է, մենք ունենք ծնելիության բնական աճ, բայց այն միտումները, որոնք գրանցվում են Հայաստանում և այն թվերը, որոնք այսօր մենք պետք է ներկայացնենք, վկայում են, որ եթե այսօր չձևավորվեն  համապատասխան մոտեցումներ, հեռահար առողջապահական ծրագրեր, մեզ համար կշարունակեն մտահոգիչ մնալ ծնելիության ցուցանիշները: Վերջին տարիներին Հայաստանում ծնելիության ցուցանիշները նվազել են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե 1990թ. Հայաստանում ծնվել է 80 հազար երեխա, ապա ներկայումս Հայաստանում գրանցվում է 40 հազար երեխայի ծնունդ:

Մայրական հիմնական ներուժը Հայաստանում նվազում է, 80 հազար ծնված երեխայից 40 հազարը աղջիկներ էին, որոնք  այս պահին 26 տարեկան են, սակայն 40 հազարի փոխարեն մենք ունենք 16  հազարանոց մայրության բանակ, և դա, ըստ նախարարի, չի կարող չմտահոգել: Պարզ վերարտադրողության համար սահմանված է 2,2 ցուցանիշ, իսկ այսօր Հայաստանում այդ ցուցանիշը չի գերազանցում 1, 2-ը:

«Այս ցուցանիշների դեպքում փորձագետները նշում են, որ 2035-ին երեխաների թիվը կկրճատվի երկու անգամ: Մենք այսօր պետք է վեր հանենք պատճառները, գնահատենք կարիքները, որովհետև յուրաքանչյուր խնդրի լուծում սկսվում է կարիքների ճիշտ գնահատումից»,- ասաց Արմեն Մուրադյանը: