կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-26 12:49
Տնտեսական

Ինչո՞ւ է նվազում դոլարի փոխարժեքը, արդյոք էլի՞ կնվազի

Ինչո՞ւ է նվազում դոլարի փոխարժեքը, արդյոք էլի՞ կնվազի

Վերջին տասը օրերին դոլարի փոխարժեքը մեր երկրում օրեց օր զգալի նվազեց, դրամն էլ՝ արժեւորվեց: Այսօրվա դրությամբ մեկ դոլարը վաճառվում էր 500 դրամով, մինչդեռ օրեր առաջ 518-520 դրամ արժեր:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն Aravot.am-ի հարցին՝ արդյոք մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, խորհրդարանական ընտրությունները կապ ունե՞ն դրամ-դոլար տատանումների հետ եւ էլ ի՞նչ գործոններով են պայմանավորված այսպիսի կտրուկ տատանումները, պատասխանեց. «Նախ՝ ամռանն ունենում ենք դոլարի կուրսի նվազում՝ տուրիզմի հոսքով, գյուղմթերքի վաճառքով պայմանավորված: Սրանք այն եկամտի աղբյուրներն են, որոնք այս սեզոնին ավելանում են եւ դոլարի տեսքով հոսում են Հայաստան»:

Երկրորդ գործոնն, ըստ Սուրեն Պարսյանի, այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մեր հայրենակիցներն ավելի շատ են մեկնել արտագնա աշխատանքի եւ դրսից տրանսֆերտներն այս տարվա ընթացքում ավելացել են. «Այսինքն՝ մարդիկ ավելի շատ են գումարներ ուղարկում իրենց հարազատներին, քան՝ անցյալ տարի: Երրորդ գործոնն այն է, որ կառավարությունը միայն այս տարվա 4 ամիսների հաշվարկով 804 միլիոն դոլարի պարտք է ավելացրել՝ հիմնականում դոլարի տեսքով: Այդ դոլարը բերել են, Հայաստանում այն փոխել են դրամի եւ վճարել են աշխատավարձեր, թոշակներ եւ այլն, բնականաբար, դա արտարժույթի շուկայի վրա ազդեցություն է թողնում:

Մյուս գործոնը կայանում է նրանում, որ Կենտրոնական բանկը վերջին ամիսների ընթացքում, գնաճը զսպելու համար մի շարք կոշտ միջոցառումներ իրականացրեց, մասնավորապես՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց, ինչի արդյունքում դրամն արժեւորվել է, այդ պայմաններում Կենտրոնական բանկը մի շարք սահմանափակումներ դրեց բանկերի կողմից ավանդների, դոլարային ավանդները վերցնելու մասով, պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման մասով: Այսինքն՝ ԿԲ-ն ամեն ինչ արեց, որ բանկերը քիչ դոլար պահեն իրենց մոտ եւ ավելի շատ պահեն դրամ, եւ դրանով դրամն արժեւորվեց»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով, դոլարի փոխարժեքի նվազման գործընթացում էական ազդեցություն է թողել նաեւ արտահանման ծավալների աճը. «Հինգ ամսվա կտրվածքով, մենք ունենք 20,8 տոկոս արտահանման աճ: Միայն մայիսին անցյալ տարվա մայիսի համեմատությամբ, արտահանումն աճել է 38, 7 տոկոսով: Անցյալ տարվա մայիսին ճգնաժամային տարի էր, տնտեսությունը փակ էր, լոքդաունի մեջ էր, եւ դրա համար ավելի շատ դոլար են բերել այս տարի: Բացի այդ մետաղների գները բարձրացել են: Ինչը թույլ է տվել ավելի շատ դոլար բերել Հայաստան»:

Մեր հարցին, թե ընտրությունները եւ՞ս կապ ունեին այդ ամենի հետ, Սուրեն Պարսյանն ի պատասխան ասաց՝ ինչ-որ առումով՝ այո. «Ընտրությունների ժամանակ մեծ քանակությամբ գումար է ծախսվում, որոշակի կազմակերպություններից գումարներ են գալիս ընտրական գործընթացների համար: Բացի այդ, քաղաքական անկայունությունը ինչ-որ առումով նվազել է, բայց դեռ պահպանվում է, բայց կարող է կտրուկ փոփոխություններ լինեն եւ դա իր ազդեցությունն ունենա արտարժույթի շուկայի վրա: Օրինակ, երբ նոյեմբերին կնքվեց այդ խայտառակ համաձայնագիրը, Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում ավելի շատ գումար է արտահոսել մեր երկրից, քան եկել է: Մարդիկ իրենց գումարները հանեցին, այսինքն, եթե անվտանգային խնդիրներ լինեն, հնարավոր է նման երեւույթները կրկնվեն»:

Էլի սպասվո՞ւմ է արդյոք դոլարի փոխարժեքի նվազում, պարոն Պարսյանն ասաց, որ կտրուկ չի կարող նվազել, որովհետեւ դա ոչ մեկին ձեռնտու չէ, հատկապես՝ արտահանողներին. «Նրանք տուժում են դրամի արժեւորման արդյունքում»:

Ըստ Սուրեն Պարսյանի, դրամի արժեւորումը, սակայն չի բերել սպառողական ապրանքների գների նվազման, ինչը պետք է տեղի ունենար. «Դա պայմանավորված է նրանով, որ մեր շուկաները մենաշնորհացված են, եւ այն կազմակերպությունները, որոնք ներկրում են ապրանքները, մրցակիցներ չունեն եւ շահագրգռված չեն գինն իջեցնել: Որքան կարողանան պահելու են բարձր գին: Այսինքն, երբ դրամն արժեզրկվում էր՝ նրանք գինը արագ-արագ բարձրացրին, բայց հակառակը չեն անում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ