կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 16:02
Հասարակություն

Տխուր փաստեր` ծնունդների թիվը պակասել է, մեռելածին երեխաների թիվը` ավելացել

Տխուր փաստեր` ծնունդների թիվը պակասել է, մեռելածին երեխաների թիվը` ավելացել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա 9 ամիսների արդյունքներով` Հայաստանում արձանագրված մեռելածին երեխաները 625-ն են։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 47-ով, իսկ 2013-ի համեմատ` 89-ով:

Ի դեպ, մինչև 1 տարեկան հասակում մահացածների թիվը նույնպես ավելացել է` 7-ով /եթե 2014-ին նրանց թիվը 273 էր, ապա 2015-ին` 280/: 

Չի հուսադրում նաև ծնունդների թիվը` 2015-ին 30 666 երեխա է ծնվել. 2014-ի համեմատ` նորածինների թիվը նվազել է 792-ով:  

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն` իմանալու, թե ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի խուսափենք մեռելածնությունից և ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ մեռելածին երեխաների թիվը վերջին տարիներին ավելացել է:

Նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչությունից Իրինա Ներսիսյանը, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացնում է, որ աշխարհում դեռևս հաղթահարված չէ մեռելածնության հիմնախնդիրը, քանի որ այն ունի բազմաթիվ անկանխատեսելի ու կանխարգելման չենթարկվող պատճառներ:

«2015թ. մեռելածնության դեպքերի բարձրացումը կարող է պայմանավորված լինել տարեսկզբին հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններում ներդրված «Պտղի զարգացման արատների վաղ ախտորոշումը և վարումը» ծրագրով, որի շրջանակներում վերապատրաստվել են հանրապետության առաջնային բուժօգնություն իրականացնող մանկաբարձ–գինեկոլոգները և էխոսկոպիստները: Արդյունքում ավելացել է պտղի զարգացման արատների վաղ հայտնաբերումը և բժշկական ցուցումներով ընդհատումը, ինչը նպաստել է նորածնային մահացության և հիվանդացության իջեցմանը»,- ասվում է պատասխանում:

Նաև նշվում է, որ մեռելածնության թվի ավելացմանը նպաստել են նաև ներարգանդային ինֆեկցիաները, ինչպես նաև մոր էքստրագենիտալ ախտաբանությունների հաճախացումը: Նախարարությունը, սակայն, ըստ Ներսիսյանի, քայլեր է ձեռնարկում խնդրի լուծման համար: «Ներկայումս իրականացվում են նախածննդյան խնամքի բարելավմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև մշակվում են մեթոդներ` ուղղված պտղի զարգացման արատների, մեռելածնության կանխարգելմանը, մասնավորապես` կներդրվի նախաբեղմնավորման խնամքի ռազմավարությունը, որի շրջանակներում կինը մինչև հղիությունը կենթարկվի հետազոտման և կնախապատրաստվի հղիություն, օգտագործելով ֆոլաթթու և զերծ մնալով վտանգավոր սովորույթներից /ծխել, ալկոհոլի օգտագործում, անառողջ սնուցում և «անշարժ» ապրելակերպ/»,- ասվում է նախարարության պատասխանում: