կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-16 12:49
Հասարակություն

Այս տարի գրանցվել է մայրական մահացության 10, իսկ 0-1 տարեկան երեխաների` 325 դեպք

Այս տարի գրանցվել է մայրական մահացության 10, իսկ 0-1 տարեկան երեխաների` 325 դեպք

Այս տարի արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում. 11 ամսվա ընթացքում  0-1 տարեկան երեխաների մահերի թիվը կազմել է 325` 2015-ի  նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 336 դեպքի փոխարեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ 0-5 տարեկան երեխաների դեպքում նույնպես մահացությունների թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 22-ով. այս տարի գրանցվել է 0-5 տարեկան երեխաների մահացության 376 դեպք:

Ինչ վերաբերում է մայրական մահացության դեպքերին, ապա, ըստ Խաչատրյանի, այս տարի մայրական մահացության 10 դեպք է գրանցվել: «Պետք է ասեմ, որ եղել են դեպքեր, երբ մահվան պատճառը հղիությունից դուրս է եղել: Այսինքն` գրանցված 10 մահվան դեպքերից միայն երեքի պատճառն է եղել արյունահոսությունը, դրա ժամանակ կատարված աշխատանքների անարդյունավետությունն ու բժիշկների անուշադրությունը: Մնացած 7-ի պատճառը  եղել են հղիության հետ չկապված ախտաբանություններ, օրինակ` մայրական մահացության երկու դեպք ունեցանք տարեսկզբին, իսկ պատճառը վիրուսներն էին»,-ասաց Խաչատրյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ 2016թ. 11 ամսում արձանագրվել է 37 462 ծննդաբերություն, որը, սակայն, 351-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Նա նշեց նաև, որ արագ արձագանքման արտագնա անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության ծրագրով սպասարկվել է  մարզային 72 կանչ, որոնք նպաստել են  մայրական  ու նորածնային մահերի կանխարգելմանն  ու նվազեցմանը: