կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-27 11:49
Հասարակություն

Ուտելիքի հոտը խթանում է առևտուրը. ի՞նչ հոգեբանական հնարքների են դիմում խանութները

Ուտելիքի հոտը խթանում է առևտուրը. ի՞նչ հոգեբանական հնարքների են դիմում խանութները

Այսօր հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ զրուցեց վաճառքի կետերում՝ խանութներում ու սուպերմարկետներում, մանր խարդախությունների, խաբեությունների մասին:

Նա առանձնացրեց երկու տիպի մանիպուլիցիաներ՝ խարդարխություն և մանր հոգեբանական հնարքներ, որոնք կիրառում են առևտրային կազմակերպությունները:

Խուդոյանի խոսքով՝ սուպերմարկետներում հաճախ ապրանքը թերակշռում են, շատ ապրանքներ վերակշռելուց տեսնում ես, որ հինգ կամ տասը գրամ պակաս է: «Դա ակնհայտ խաբեություններից է, որ որոշ սուպերմարկետներում անում են»,- ասաց նա և նշեց, որ ժամկետանց սնունդ ևս, թեև` հազվադեպ, բայց նկատվում է:

Շարունակելով թեման, նա թվարկեց ևս մի քանի մանիպուլյացիաներ, որոնց դիմում են վաճառքի կետերը: Օրինակ՝ ժամկետի վերջին մոտեցող ապրանքները դնում են առաջ, թարմերը` ետևում, լայն սպառման ապրանքները դնում են խանութի վերջում, որ մարդը ստիպված լինի անցնել ամբողջ խանութով, որ էլի մի բան գնի: Մեծ տառերով գրում են ՝ զեղչ` ութսուն տոկոս, բայց տակը մանր, աննշան տառերով գրված է «մինչև» բառը: Դրամարկղերի մոտ դնում են գունեղ մանկական ապրանքներ, ծամոններ, կոնֆետներ, որ երեխաները ուզենան իրենց ծնողներից գնել դրանք: Գինը դնում են, ասենք, 79,5 դրամ, դա նույն 80 դրամն է, բայց հոգեբանորեն էժան է թվում:

«Ուտելիքի հոտը շատ ուժեղ խթանում է առևտուրը, դա նույնպես հոգեբանական հնարք է: Կամ` երբ խանութի վաճառողները սկսում են զրուցել գնորդի հետ, օգնել, հետո մարդը հոգեբանորեն պարտավորված է զգում գնել այդ ապրանքը:

Ըստ Խուդոյանի` հոգեբանական հնարք է նաև երաժշտություն միացնելը, եթե երաժշտության ռիթմերը ավելի դանդաղ են, քան սրտի ռիթմերը, ապա դա տրանս է առաջացնում, և մարդը, առանց գիտակցելու, կարող է շոփինգով զբաղվել:

Հոգեբանը նաև կարծում է, որ մեր երկրում սպասարկման որակը լավն է, իսկ որոշ սուպերմարկետներում կարող է չլինել ոչ մի խարդախություն, կան այդպիսի խանութներ, որոնք իսկապես լավ են աշխատում, ժողովուրդն էլ գոհ է լինում: