Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում բիզնեսով զբաղվելը ամեն մարդու բան չէ: Ոչ միայն ներդրումների համար փող է պետք, այլեւ պինդ նյարդեր` չինովնիկների հետ «լեզու թափելու», բյուրոկրատական քաշքշուկներին դիմանալու ու գործդ առաջ բրդելու համար: Գեւորգ Բաբայանը չորս ամիս առաջ փորձել է սեփական բիզնեսը հիմնել` սուրճի, թեյի եւ զովացուցիչ ըմպելիքների շրջիկ վաճառք. փոքր քարշակներով տեղափոխվող ըմպելիքը պետք է վաճառեին համալսարանների տարածքներում:
«Վաճառքի սիստեմը յուրահատուկ էր, ինչն էլ լինելու էր մեր մրցակցային առավելությունը: Մեր թիրախային խմբում այն ուսանողներն էին, ովքեր ընդմիջումներին չեն հասցնում մտնել սրճարան, բայց մեկ բաժակ սուրճից չէին հրաժարվի: Եվ, բնականաբար, մի տարածքում, որտեղ 30-40 հազար ուսանող կա, մի քանի հարյուր բաժակ սուրճ վաճառելը հնարավոր եւ տրամաբանական է նաեւ բիզնեսի տեսանկյունից»,- ասաց Գ. Բաբայանը եւ պատմեց, որ առաջին մի քանի օրերին մինչեւ 30 բաժակ սուրճ է վաճառվելիս եղել եւ սա այն դեպքում, երբ դեռ եղանակը անձրեւոտ էր, շատերը դուրս չէին գալիս. սկզբի համար դա հաջող ցուցանիշ էր: Բայց... Մի օր բուհերից մեկի պրոռեկտորը վաճառողին է մոտենում, ասում, թե ռեկտորն արգելել է բուհի տարածքում աշխատել:
Իսկ հետո էլ ոստիկաններից մեկն է զգուշացրել, թե վաճառքի թույլտվություն պետք է ստանան քաղաքապետարանից. «Ես նայեցի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը, այնտեղ ասվում է, որ գործունեություն ծավալելու դեպքում, բացի պետռեգիստրում եւ հարկայինում գրանցված լինելը, պետք է թույլտվություն ունենալ նաեւ ՏԻՄ-ից: Դիմեցի Կենտրոն վարչական շրջան, որտեղ առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետի տեղակալն ինձ ասաց. «Ապեր, գնա»: Հարցրեցի` ո՞նց թե գնամ, եկել եմ նման հարցով: Ասաց, թե` մենք ոչ մի թույլտվություն չենք տալիս, գնա»:
Գ. Բաբայանը մայիսի 5-ին գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետարան: 20 օր անց առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Ա. Սարգսյանը պատասխանել է, սակայն նամակն այդպես էլ տեղ չի հասել: Սա, իհարկե, այլ հարց է: Ինչեւէ, նամակում նշվում է, թե քաղաքապետարանի կողմից այժմ իրականացվում են ներկայումս գործող առեւտրի բացօթյա կետերի տեղաբաշխման, կանոնակարգման, քանակի օպտիմալացման եւ տեղափոխման աշխատանքներ, եւ այդ պարագայում նոր կետերի կազմակերպման թույլտվության տրամադրումը նպատակահարմար չէ:
Մասնագիտությամբ տնտեսագետ Գեւորգ Բաբայանը նկատում է. «Սա կարծես վարչահրամայական համակարգ լինի: Բիզնեսի տեսանկյունից անհասկանալի է քանակի օպտիմալացումը: Քանակը որոշվում է պահանջարկով. եթե դու 100 հատ խանութ բացես, բայց առեւտուր չլինի, փակվելու են: Քաղաքապետարանը չպիտի այդքան միջամտի բիզնեսին, եթե, իհարկե, այդ օպտիմալացումը չի կատարվում ի շահ իրենց ընկերների, սուպերմարկետների»:
Քանի որ ամռանը դասեր չեն լինում, ըմպելիքների վաճառքը պետք է իրականացվեր երեկոյան ժամերին` Հանրապետության հրապարակի եւ Օպերայի հարակից տարածքներում: Այս մասով էլ դիմումը մերժվել է քաղաքապետարանի կողմից. §Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում բացօթյա առեւտրի կազմակերպման առաջարկները Երեւանի քաղաքապետարանը ընդունելի չի համարում»:
Ընդունելի չեն համարում, բայց արի ու տես, որ երեկոյան ժամերին այս տարածքներում լավ էլ առեւտուր է կատարվում. «Ես նկարներ ունեմ, թե էնտեղ ամեն երեկո ինչքան փուչիկներ, խաղալիքներ են վաճառում: Մեկը չի, երկուսը չի ու էնպես էլ չի, որ թաքուն են անում: Ոստիկաններն էլ գնում-գալիս են»,- ասաց Գ. Բաբայանը, ով իր նամակում հստակ նշել է, որ իր առեւտուրը կազմակերպելու համար պատրաստվում է պահպանել օրենսդրական բոլոր պահանջներն, ու աշխատանքի ընթացքում պահպանվելու են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները:
Այս պատասխանից հետո Բաբայանը զանգահարել է քաղաքապետարան, պարզվել է իրեն պատասխանող անձն այլեւս այդ պաշտոնում չի աշխատում, զրուցել է մեկ ուրիշի հետ եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Քանի որ ձեր առաջարկը տարօրինակ է, դեռեւս հստակ որեւէ բան պատասխանել չենք կարող»:
Հասկանալի է, որ առեւտրի այս ձեւը նոր է, բայց հասկանալի է նաեւ, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը չի արգելում ըմպելիքների շրջիկ, բացօթյա առեւտուրը (օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայնՙ շրջիկ առեւտրի միջոցներով արգելվում է հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի մանրածախ առեւտուրը):
Գ. Բաբայանը այժմ պատրաստվում է նորից դիմել Կենտրոն վարչական շրջան, այս անգամ, արդեն, գրավոր. գուցե սայլը տեղից շարժվի, օրենքն ավելի ուշադիր կարդան, մի ելք գտնեն:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ