Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը. հայտնում է ՀՀ ԱԺ կայքը:
Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ: Տարատեսակ հարցերի հետ մեկտեղ` կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հարցին` վերահաստատելով հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Կողմերը համակարծիք էին, որ ցանկացած գործողություն, որը կարող է խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, պետք է բացառվի, միաժամանակ վերահաստատելով համանախագահ երկրների կողմից առաջարկված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները:
Այցի շրաջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Դատարանի դերը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներում բնակվող եվրոպացիների՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նա ուրախությամբ փաստեց, որ հանդիպումը տեղի է ունենում ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի նախագահությունը կշարունակի Եվրոպայի խորհրդի նախորդ նախագահությունների ջանքերը` ուղղված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելուն: Ազգային մակարդակով Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն անհրաժեշտ նախապայման է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար:
Պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Հայաստանին վերաբերող գործերին: Խոսելով Եվրոպական դատարանի վարույթում գտնվող Սաֆարովի գործից` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ միջազգային հանրության խնդիրն է: «Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը նշված հարցին կանդրադառնա զուտ իրավական տեսանկյունից եւ կտա համարժեք իրավական գնահատական, ինչը կարեւոր նշանակություն կունենա նման անընդունելի արարքների վճռական կանխարգելման համար»,-նշեց ԱԺ նախագահը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը կարեւորեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը եւ ուրախությամբ նշեց, որ առաջիկայում ինքը առաջին անգամ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» միջազգային համաժողովին: Դին Շպիլմանը բարձր գնահատեց հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում եւ հույս հայտնեց, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի: Ըստ Շպիլմանի` դա կարեւոր է եւ արդյունավետ նաեւ փորձի փոխանակման առումով: ՄԻԵԴ նախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանին վերաբերող գործերին` նշելով, որ դրանք տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում: Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշեց, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի եւ ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: