կարևոր
3424 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-07 10:21
Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը ՄԻԵԴ-ին պատրաստ է. «Ժողովուրդ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը ՄԻԵԴ-ին պատրաստ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՄԻԵԴ-ը կստանա Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը։ Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ կարգապահական էական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահը, առանց իր իրական նպատակները թաքցնելու, հայտարարեց, որ Դանիբեկյանին հեռացնում են մեր ժամանակների «ամենակարեւոր» դատական գործի պատճառով, քանի որ նա, իրենց կարծիքով, միտումնավոր է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի եւ Սիլվա Համբարձումյանի գործով դատաքննությունը՝ մինչեւ վաղեմության ժամկետը լրանա: Ըստ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետեւանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով: «ԲԴԽ-ն հարկ է համարել ընդգծելու, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարեւորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով եւ ծանրության աստիճանով: Հետեւաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարեւոր գործերից մեկով, եւ պետք է արդյունավետ կազմակերպեր եւ ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Տեղեկացնենք, որ դատավարությունը տեւել է 4 տարի 4 ամիս, ինչը, ԲԴԽ-ի համոզմամբ, տեղի է ունեցել միտումնավոր, քանի որ «դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները»։ «Աննա Դանիբեկյանը չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսեւորվող իրավունքի չարաշահումը, անհարգելի տարբեր պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու վարքագիծը կանխելու համար դատավարական հարկադրանքի համաչափ միջոցներ չի կիրառել: Բացի դրանից, դատավորը չի առանձնացրել եւ առանձին վարույթներով չի քննել մեղադրանքների բնույթով եւ հանցագործությունների սուբյեկտներով միմյանցից տարբեր գործերը։

Վերը թվարկված անգործության տարբեր դրսեւորումներով դատավոր Դանիբեկյանը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը եւ բուն էությունը: Դատավոր Դանիբեկյանն այս ամենի արդյունքում մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը»,- նշում է ԲԴԽ-ն։

Եվ ահա, այս որոշման հետեւանքով էլ Դանիբեկյանը տեւական ժամանակ աշխատեց ՄԻԵԴ-ի դիմումի վրա եւ հիմա այն ուղարկում է ՄԻԵԴ»: