կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-06 13:09
Հասարակություն

Հայտնի են ՀՀ լավագույն դպրոցները. վարկանիշները պետք չէ սիրել, հավանել կամ չհավանել

Հայտնի են ՀՀ լավագույն դպրոցները. վարկանիշները պետք չէ սիրել, հավանել կամ չհավանել

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց հանրակրթական դպրոցների վարկանիշավորման գործընթացի արդյունքները:

Նա նշեց, որ ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը վերջին տարիներին ստեղծված և կատարելագործված գործիքներից մեկն է` հասարակության, մանկավարժության համար, որպեսզի չափելի, շոշափելի, արժանահավատ ստանդարտներով կարողանանք համեմատել համեմատելին:

«Դպրոցները շատ տարբեր են` կազմակերպաիրավական ձևով, կրթական ծրագրերով, աշակերտների թվով, աշխարհագրական տեսակետից, հետևաբար, մենք դպրոցները բաշխել ենք ըստ իրենց հիմնական չափանիշների և համեմատել ենք միևնույն խմբում եղած դպրոցները /ինչպես խոշոր քաղաքային, այնպես էլ գյուղական դպրոցները/: Խնդիրը չեմպիոնին հայտնաբերելը չէ, իրականում ախտորոշման խնդիր է դրված՝ եղած խնդիրները վեր հանելու»,- ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ, բացի մայրաքաղաքային դպրոցներից, առաջատարների թվում են Շիրակի, Սյունիքի, Լոռու դպրոցները: Այնուամենայնիվ, առաջատար եռյակում են հայտնվել  Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» հիմնական դպրոցը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցը և Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը: Քաղաքային մեծ և միջին  հիմնական դպրոցներն են` Մխիթար Սեբաստացու անվան դպրոցը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20  և Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48-ը: Քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցների եռյակում են` Գորիսի Բակունցի անվան 1, Վանաձորի 18 և Մարալիկի թիվ 1 դպրոցները:

ԿԳ նախարարի խոսքով` այս տեղեկատվությունը կարևոր է շատերի համար`  ծնողների` հասկանալու համար դպրոցի ուժեղ և թույլ կողմերը, տնօրենների և մանկավարժների՝ որպեսզի հասկանան` որտեղ է դպրոցների խնդիրը կամ մրցակցային առավելությունը, ինչպես նաև նախարարության համար` լավագույններին խրախուսելու, բայց նաև մյուսներին աջակցելու ծրագիր մշակելու համար:

«Վարկանիշները պետք չէ սիրել, հավանել կամ չհավանել, պետք է քննարկել թե՛ արդյունքները, թե՛ մեթոդաբանությունը: Մենք չենք հավաքվել` ստեղծելու կատարյալ մեթոդաբանություն, քանի որ այդպիսին չկա էլ: Հայաստանի կրթական վարկանիշավորման համակարգի հիմքում երկու կարևոր բաղադրիչ կա` միջազգային փորձ և տեղայնացման հետ կապված գերակայություններ: Այս ամենը համադրելով` մենք չենք չափում բուհերում, օրինակ, Նոբելյան մրցանակակիրներ դասախոսո՞ւմ են, թե՞ ոչ, թեպետ դա միջազգային ստանդարտ է, որը Հայաստանում կիրառելու կարիք չկա, նույնը վերաբերում է նաև դպրոցներին»,- ասաց Աշոտյանը` հավելելով, որ կլինեն դժգոհողներ, բայց, վարկանիշից դժգոհելուց բաց,  պետք է խնդրի նրանց` դժգոհել նաև իրենց իսկ աշխատանքից` հասկանալու համար, թե ո՞ր ցուցանիշն է ավելի ցածր:

Լավագույն դպրոցներից` Վանաձորի թիվ 18 դպրոցի կազմակերպիչ Արմեն Իսահակյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ջանք ու եռանդ չենք խնայում` երեխաներին բարձր որակի կրթություն մատուցելու համար: Ըստ նրա` մարզային դպրոցներն առավել քան պետք է կրթության որակի վրա շեշտը դնեն, որպեսզի երեխան մեծանալով ավելի հեշտ կարողանա իր տեղը գտնել աշխատաշուկայում` այդպիսով նաև երկրից չհեռանալու հարցը լուծելով:

«Գաղտնիք չէ, որ մարզային դպրոցներն ավելի մեծ ուշադրության կարիք ունեն, բայց ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ վերջին տարիներին այդ բացը լրացվում է: Ասում են` սերունդը փոխվել է, երեխան լավ չի սովորում, ես համաձայն չեմ, սերունդը չի փոխվել, սովորողը միշտ էլ սովորում է, պետք է համապատասխան պայմաններ ապահովել»,- ասաց Իսահակյանը:

Նա նշեց նաև, որ այժմ իրենց դպրոցում հիմնանորոգման աշխատանքներ են տարվում: Ճիշտ է, ցրտերի պատճառով վերանորոգումը ձգձգվում է, բայց կարևորը` հետո կունենան մաքուր դասասենյակներ: «Վերանորոգմանը զուգահեռ` լուծվում է նաև ջեռուցման խնդիրը: Կուզեի միայն` ատեստավորումներն ավելի հաճախ լինեն, որպեսզի թացը չորից տարբերվի»,- ասաց Իսահակյանը: 

Ի դեպ, պետական տարրական և ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվել` դրանց սակավաթվության պատճառով: Վարկանիշավորումն իրականացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: