կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 17:51
Քաղաքական

Եվրոպացիները հավանել են ապարանցի պատգամավորի էշը

Եվրոպացիները հավանել են ապարանցի պատգամավորի էշը

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի շրջանակներում Երևան ժամանած Եվրոպական ռեֆորմիստների և պահպանողականների դաշինքի ներկայացուցիչները հյուրընկալվել էին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանի առանձնատանը, որը գտնվում է Ապարանում:

 

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ հյուրընկալությանը, նշեց, որ այն բավական լավ է անցել: «Եվրոպացիներից ճշտեք՝ գո՞հ են մնացել հյուրընկալությունից, թե՞ ոչ, բայց հանդիպումը լավ անցավ, կարծում եմ՝ գոհ են»,- նշեց պատգամավորը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե գո՞հ են մնացել արդյոք եվրոպացի գործընկերները հայկական հյուրընկալությունից:

 

Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ եվրոպացիներն անմիջապես նկատել են իր տան հարևանությամբ գտնվող ավանակի արձանը և հավանել այն: «Այն անմիջապես ճանապարհի վրա է, արձանը չնկատել պարզապես հնարավոր չէ»,- նշեց Խաչատրյանը:

 

Պատգամավորը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ԲՀԿ-ի այսօրվա նիստին, որի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղարի պաշտոնը վստահվել է Վահե Էնֆիաջյանին: Մեր այն դիտարկմանը, թե ինքը՝ Լյովա Խաչատրյանը, միակ ԲՀԿ-ականն էր, ով ձեռնպահ էր քվեարկել Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ նախագահի թեկնածությանը, մինչդեռ անձամբ ինքն է հիմա առաջարկել Զոհրաբյանի թեկնածությունը, Խաչատրյանը պատասխանեց. «Այն ժամանակ կուսակցության ղեկավարի խնդրի հարցն էր, հիմա` խմբակցության ղեկավարի: Խորհրդարանական պրակտիկայում ընդունված է, որ կուսակցության ղեկավարը, եթե պատգամավոր է, միաժամանակ նաև խմբակցության ղեկավարն է: Նոր բան հորինել և շեղվել այդ կարգից, կարծում եմ, ճիշտ չէր լինի: Քանի որ կուսակցության ղեկավարն արդեն ընտրված է, նա էլ պետք է լիներ խմբակցության ղեկավար»:

 

Լյովա Խաչատրյանի բնորոշմամբ՝ եթե մեկ ուրիշն ընտրվեր կուսակցության ղեկավար, ինքը կառաջարկեր, որ այդ ուրիշը լիներ խմբակցության ղեկավարը: Մեր այն հարցին, թե իր համար միևնո՞ւյն է, թե ով կլինի խմբակցության ղեկավարը, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Կուսակցության ղեկավարը պետք է լինի նաև խմբակցության ղեկավար»: