կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-09 13:14
Մշակույթ

Պետք է սիրել` հայրենիքդ, ընտանիքդ, հարևանիդ էլ սիրեցիր` ավելի լավ քեզ համար. Վախթանգ Կիկաբիձե

Պետք է սիրել` հայրենիքդ, ընտանիքդ, հարևանիդ էլ սիրեցիր` ավելի լավ քեզ համար. Վախթանգ Կիկաբիձե

 

Այսօր, «Մեցցո փրոդաքշընի» կազմակերպմամբ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա վրացի լեգենդար արտիստ, դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեի հոբելյանական համերգը` նվիրված նրա 75-ամյակին:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կիկաբիձեն նշեց, թե, քանի որ պարզ չէ` վաղն ինչպես է լինելու առողջական վիճակը, որոշել է իր 75-ամյակին նվիրված համերգաշար անցկացնել, այլ ոչ թե կլոր, ասենք` 80-ամյակին սպասել, ինչպես սովորաբար արվում է: Նա տեղեկացրեց նաև, որ համերգին հնչելու են ինչպես նոր, այնպես էլ արդեն սիրված ու հայտնի երգեր: Կիկաբիձեն ուրախ է, որ հայկական կողմն է համերգի նախաձեռնողը, ուրեմն «այստեղ իրեն սպասում են»:

 

«Նոր երգեր ինքս եմ գրում, քանի որ նրանք, ում հետ համագործակցել եմ տարիներ առաջ կա'մ կենդանի չեն, կա'մ էլ ապրում են` Աստված գիտե, թե որտեղ: Նոր սերնդի մեջ էլ չկան երգահաններ, որոնք երգ կգրեն, որն ինձ կհետաքրքրի: Սովորաբար, այսպես եմ գրում երգերս` օղի եմ վերցնում ու փակվում ինչ-որ սենյակում: Օղու ազդեցության տակ ինչեր ասես, որ չեն ծնվի, որքան օղին շատ` այնքան շատ երգեր, բայց ո՞վ է դրանք հետո լսելու: Չնայած, ոնց որ թե լսողներ կան»,- ասաց Կիկաբիձեն:

 

Նա հիշում է` իրենց գյուղում բոլոր տղաները թմբկահար էին դառնում, իսկ ինքը մի շարք նկարիչ ընկերներ ուներ և շատ էր ուզում նկարիչ դառնալ: Բայց այդ տարիներին իրենք ապրում էին մի փոքրիկ տանը, և մայրը հորդորել է իրեն, թե` «եթե դու նկարիչ դառնաս, ո՞վ է գումար վաստակելու»: «Ես փողոցից պատահաբար հայտնվեցի էստրադայում: Առաջին անգամ, երբ տեսա մեծ քառակուսի բարձրախոսները, դրանից հետո ինձ ոչ ոք այլևս փողոցում չտեսավ: Ամեն անգամ բեմ եմ բարձրանում մասնագիտության հանդեպ սիրո պատճառով: Կարևոր չէ, թե որքան երկար կմնաս դու բեմում, որքան երկար կտևի քո ստեղծագործական ուղին, կարևորն արածիդ հանդեպ սերն է»,- ասաց Կիկաբիձեն:

 

Նա հիշեց` վերջերս, երբ իր ամենամոտ ընկերներից մեկը մահամերձ էր, երկար զրուցել է նրա հետ, և նա ասել է, թե երջանիկ է, քանի որ վերջապես հասկացել է, թե ինչ են զգում մարդիկ մահից առաջ: «Հասկանո՞ւմ եք` ուղղակի սիրել է պետք` հայրենիքդ, ընտանիքդ, հարևանիդ էլ սիրեցիր` ավելի լավ քեզ համար: Ավելի անիմաստ բան, քան կյանքը, չկա, սա է կյանքի իմաստը»,- ասաց Կիկաբիձեն:

 

Ի դեպ, նա արդեն համերգներ է ունեցել Հունաստանում, Ղազախստանում, իսկ Հայաստանից հետո մեկնելու է Բաթում: