կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-02 14:21
Առանց Կատեգորիա

Հայաստանում չորս կուսակցություն կա

Հայաստանում չորս կուսակցություն կա

Թեև արդարադատության նախարարությունում գրանցված են շուրջ ութ տասնյակի հասնող կուսակցություններ, բայց Հայաստանում կա չորս կուսակցություն՝ Հանրապետական /չշփոթել ՀՀԿ-ի հետ/, Ցեղասպանության, Ղարաբաղյան եւ Դիմակահանդեսային: Չորսն էլ, բնականաբար, ուզում են, որ երկիրն ավելի լավը դառնա, մարդիկ՝ ավելի հարուստ, իրենք՝ էլ ավելի հարուստ, եւ սա բնական է: Անբնականն այն քաղաքական ուժն է, որն իշխանության չի ձգտում, իսկ իշխանության գալուց էլ հարստության չի ձգտում:

Բայց խնդիրն այն է, որ, օրինակ, Հանրապետական կուսակցությունն ուզում է, որ ամեն ինչ լավ լինի Հայաստանի Հանրապետությունում, Ղարաբաղյանը՝ նաեւ Ղարաբաղում, Ցեղասպանության կուսակցությունը՝ ՀՀ-ում, Ղարաբաղում եւ Արածանիի աջ եւ ձախ ափերին, ընդհուպ` մինչեւ Անթալիա: Չորրորդ կուսակցությանը դեռ կանդադառնանք: Հենց այս աշխարագրությունն էլ բաժանում է այս կուսակցություններին:

Բայց ավելի պարզ խոսենք: Օրինակ` Հանրապետական կուսակցությունը: Եթե, օրինակ, Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու որոշի Արեւմտյան Հայաստանը վերադարձնել ՀՀ-ին, ավելին` եթե Ալիեւը ճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, ապա այս կուսակցությունը, իհարկե, դրան դեմ չի լինի, պարզապես այս կուսակցությունն ինքը չի ձգտում նրան, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունն, իսկ Ալիեւը՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Այսինքն` այս կուսակցությունը, ըստ էության, ռեալիստական մի ուժ է, ավելի ճիշտ՝ յոլա գնացող: Այսինքն` նրանք պատրաստ են զոհաբերել համահայկական ցանկացած հարց՝ հանուն Հայաստանի Հանրապետության նյութական բարօրության:

Ղարաբաղյան կուսակցությունը, դրան պատրաստ չէ: Այսինքն` նրանք երբեք չեն համաձայնի զիջումներ անել ղարաբաղյան հարցում՝ հանուն Հայաստանի Հանրապետության նյութական բարօրության: Այլ բան է Ցեղասպանության հարցը: Այս հարցում Ղարաբաղյան կուսակցության անդամները կարող են զիջումներ անել, մանավանդ` եթե փոխարենը հնարավոր է ստանալ Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ, առավել եւս՝ նաեւ ապահովել Հայաստանի Հանրապետության բարօրությունը:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության կուսակցությանը: Այս մարդիկ որեւէ տեսակի զիջումի պատրաստ չեն` անկախ զիջման նպատակից, ընդ որում, ի տարբերություն Ղարաբաղյանի, ովքեր պատրաստ են Ցեղասպանության հարցում զիջումների գնալ, ենթադրենք` Թուրքիայի հետ ստորագրելով միմյանց սահմանները ճանաչող արձանագրություններ, Ցեղասպանության կուսակցության անդամները պատրաստ չեն զիջումներ կատարել, այդ թվում` Ղարաբաղի հարցում, քանի որ Ղարաբաղի հարցը, նրանց կարծիքով, Ցեղասպանության հարցի ենթաբաժիններից մեկն է, Ցեղասպանության հետեւանքը կամ տրամաբանական շարունակությունը:

Հենց այս կուսակցական բաժանումների համապատկերում էլ Հայաստանում տեղի են ունենում տրամաբանական եւ անտրամաբանական քաղաքական գործընթացներ: Ընդ որում` այդ գործընթացները տրամաբանական են, երբ, ենթադրենք, Ղարաբաղյան կուսակցությունը կամ դրա մի թեւը համագործակցում է Ցեղասպանության կուսակցության կամ դրա մի թեւի հետ: Իսկ անտրամաբանական է, երբ Ցեղասպանության կամ Ղարաբաղյան կուսակցությունները կամ դրանց առանձին թեւերը համագործակցում են Հանրապետական կուսակցության կամ դրա առանձին թեւերի հետ: Ընդ որում` այս երկուսի օրինակներն էլ մենք տեսել ենք: Ենթադրենք` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը տրամաբանական է, մինչդեռ ՀՅԴ-ՀԱԿ կամ ՀՀԿ-ՀԱԿ համագործակցությունը` անտրամաբանական:

Չմոռանանք՝ Դիմակահանդեսային կուսակցությանը, նրանք այն քաղաքական դեմքերն են, ովքեր այսօր Հանրապետական են, վաղը՝ Ղարաբաղյան, մյուս օրը՝ Ցեղասպանության, այս պատճառով էլ ստացել են իրենց անվանումը՝ Դիմակահանդեսային:

Թե այս կուսակցություններից որի՞ն պետք է վստահել, յուրաքանչյուրիս որոշելիքն է, բայց մինչ այդ պետք է հասկանալ, թե Հայաստանի արդարադատության նախարարությունում գրանցված ութ տասնյակի հասնող կուսակցություններից որն ինչ կուսակցություն է: Փոքրիկ հուշում` այդ ցուցակում ամենաշատը ներկայացված է Դիմակահանդեսային կուսակցությունը:

Հովիկ Աֆյան